Լոռու մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ Տեղական ակտիվ խմբերը Եվրոպական միության ֆինանսավորմամբ կունենան հարմարավետ գրասենյակներ։
Հուլիսի 25-ին տեղի է ունեցել հինգ Տեղական ակտիվ խմբերից (ՏԱԽ) երկուսի պաշտոնական բացման արարողությունը։
Միջոցառմանը ներկա են եղել Լոռու եւ Տավուշի մարզպետարանների պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Տեղական ակտիվ խմբերը հիմնվել են ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու եւ Տավուշի մարզերի զարգացման» ծրագրի շրջանակում՝ ավելի քան 30 տարի Եվրոպական երկրների գյուղական համայնքներում հաջողությամբ կիրառվող LEADER համայնքի կողմից առաջնորդվող գյուղական զարգացման մեթոդաբանությամբ։
Հենց նշված մեթոդաբանությունն է փորձնական կիրառվում Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերի համեմատաբար փոքր ու սակավ ռեսուրսներով գյուղական բնակավայրերում։
Ծրագրի շրջանակում Լոռիում եւ Տավուշում ընդհանուր առմամբ ստեղծվել են հինգ Տեղական ակտիվ խմբեր (ՏԱԽ-եր), որոնք ընդգրկում են Լոռու եւ Տավուշի գյուղական բնակավայրերի մեծ մասը։ ՏԱԽ–երի կազմում ընդգրկված պետական, մասնավոր եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներառական զարգացման սկզբունքին համապատասխան մշակել են իրենց ռազմավարական գործողությունների ծրագրերը։
2023 թվականի առաջին եռամսյակում յուրաքանչյուր ՏԱԽ սահմանել է զարգացման նպատակներ, որոնք պետք է իրականացվեն առաջին երկու տարիներին։ Դրան հաջորդել է առաջին տեղական դրամաշնորհային մրցույթը: Նախագծային առաջարկների ընտրությունից հետո հունիսին Տեղական ակտիվ խմբերը մեկնարկել են առաջին ծրագրերը:
Առաջիկայում գրասենյակներ կունենան նաեւ «Լոռվա Ձոր», «Տաշիր պլյուս» եւ «Ծիլի Ծով» տեղական ակտիվ խմբերը՝ հնարավորություն ստանալով հաջողությամբ գործելու եւ իրականացնելու իրենց ռազմավարական ծրագրերը։