Միացյալ Նահանգները գրեթե հինգ տարվա ընդմիջումից հետո վերստին դարձել է Միացյալ ազգերի Կրթության, գիտության եւ մշակութային կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ։ Կազմակերպության՝ Փարիզում գտնվող կենտրոնակայանում տեղի է ունեցել ամերիկյան դրոշի բարձրացման պաշտոնական արարողություն, որին մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն, ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը եւ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը։ Բայդենն իր ելույթում խոսել է մշակութային ժառանգության պահպանման եւ աշխարհում կրթության եւ գիտության զարգացման գործում Միացյալ Նահանգների կարեւոր դերի մասին։ Հունիսի վերջին ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրները բանաձեւ են ընդունել, որով հավանություն են տվել ԱՄՆ-ի վերադարձին այդ կազմակերպությանը։
ԱՄՆ-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս եկավ 2018 թվականի դեկտեմբերի 31-ին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք։ Վաշինգտոնը դուրս գալու որոշումը պատճառաբանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբողջական, իր կարծիքով, վերակառուցման անհրաժեշտությամբ: