ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ անկանխիկ գործարքներից կենսաթոշակի եւ նպաստի 10% հետվճարի ծրագրին միացել է նաեւ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն։ Ներկա պահին համագործակցող մյուս բանկերն են ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը եւ Ակբա բանկը։ Ըստ այդմ՝ կենսաթոշակը կամ նպաստը Հայէկոնոմբանկի թողարկած քարտերով ստացող շահառուների կողմից օգոստոսի 1-ից հետո կատարված անկանխիկ գործարքներից կհաշվարկվի հետվճար։
Նախարարությունից հիշեցրել են, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, որոնք ՀՀ տարածքում գործող առեւտրի կետերում եւ ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 5000 դրամը։
Հետվճարը գործում է նաեւ այն դեպքում, եթե կոմունալ վճարումները կատարվել են քարտը թողարկած բանկոմատների կամ բանկի էլեկտրոնային հավելվածի (մոբայլ բանկինգ) միջոցով։