«Երկու տարի առաջ, երբ հղի էի, բժշկական հետազոտություն անցնելիս պարզվեց՝ ՄԻԱՎ (Մարդու իմունային անբավարարության վիրուս) ունեմ։ Մինչ այդ չգիտեինք, որ ամուսինս էլ է վարակված։ Նա էլ հետազոտվեց, եւ իմացանք, որ արդեն ՁԻԱՀ ուներ, այսինքն՝ ավելի վաղուց էր վարակված եղել․ ես իրենից էի վարակվել»,- պատմում է 29-ամյա Անին (անունը փոխված է)»։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Ավանի մասնաճյուղում Անին խտրականության էր բախվել․ բժիշկը նրան արհամարհանքով էր վերաբերվել: «Ծնողներիս հետ խոսելիս բժիշկն ասել էր՝ ձեր աղջիկն անբարո կյանքով է ապրել ու վարակվել։ Նույնիսկ չէր ճշտել, չէր իմացել, որ ամուսնուցս եմ վարակվել։ Թեեւ նա ոչ մի դեպքում չպետք է այդպես խոսեր»,- ասում է Անին։
Որոշ ժամանակ անց Անին տեղեկացել է, որ այդ բժիշկն ազատվել է աշխատանքից, սակայն չգիտի՝ ինչ պատճառով։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մյուս բժիշկները հոգատար ու բարեհամբույր են եղել։ Բայց որոշ ժամանակ անց նա խտրական վերաբերմունքի է բախվել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում, որտեղ պիտի լույս աշխարհ գար իր երեխան։ Բժիշկը նրա նկատմամբ խտրական չէր եղել, բայց բուժքրոջ պահվածքն ու վերաբերմունքն Անին մինչև հիմա ցավով է հիշում։ Նա ներարկելիս այնքան հեռու է կանգնել ու այնքան արագորեն է ներարկել, որ Անին սաստիկ ցավ է զգացել այդ պահին ու դրանից հետո։ Եվ լսել է, թե ինչպես է նա մեկ այլ բուժքրոջ հորդորել, որ որքան հնարավոր է հեռու մնա իրենից։
«Բուժքրոջն ասացի՝ չի կարելի այդպես վերաբերվել մարդուն, ոչ մեկն ապահովագրված չէ հիվանդությունից»,- պատմում է Անին։
Բժիշկների պրոֆեսիոնալիզմի եւ աչալրջության շնորհիվ Անիի երեխան առողջ է ծնվել․ փոքրիկը ՄԻԱՎ չունի։ Անիի և նրա ամուսնու ՄԻԱՎ կարգավիճակի մասին գիտեն միայն նրանց ծնողները։ Կինն ասում է՝ խտրականության բախվելիս ամեն անգամ հոգեբանական խնդիրներ է ունեցել եւ գիտի՝ եթե մարդիկ իմանան իրենց կարգավիճակի մասին, դարձյալ խտրական վերաբերմունքի են բախվելու։ Տարիներ հետո երեխան մանկապարտեզ ու դպրոց կգնա, նրան էլ խտրականորեն կվերաբերվեն, հետեւաբար լռում են։
«Իհարկե, բուժհաստատություններ գնալիս նախապես զգուշացնում եմ, որ ՄԻԱՎ ունեմ։ Միշտ պատասխանատու եմ եղել այս հարցում»,- ասում է Անին։
Խտրականությունն արգելված է օրենքով
«Բնակչությանը բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը սահմանում է՝ բուժաշխատողները պարտավոր են առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնելիս առաջնորդվել պացիենտի շահերով, յուրաքանչյուր պացիենտի ցուցաբերել շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնություն, հոգատար, անխտրական եւ հարգալից վերաբերմունք ցուցաբերել նրա նկատմամբ։
«Բնակչությանը բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով սահմանվում է՝ յուրաքանչյուր ոք (պացիենտ) իրավունք ունի ընտրելու բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողին եւ բուժաշխատողին, բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալիս արժանանալու հոգատար, անխտրական եւ հարգալից վերաբերմունքի։
Խտրականության արգելքը սահմանվում է մայր օրենքի 29-րդ հոդվածով։ Այն նախատեսված է նաև բուժսպասարկման ոլորտում «Բնակչությանը բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որի համաձայն՝ բուժաշխատողները պարտավոր են անխտրական եւ հարգալից վերաբերմունք ցուցաբերել պացիենտի նկատմամբ։
Բժշկական միջամտության իրականացման համար անհրաժեշտ պայմանը պացիենտի գրավոր համաձայնությունն է, որը նախատեսված է նշված օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասով։ Բուժաշխատողի իրավունքները սահմանված են նույն օրենքի 30-րդ հոդվածով, որտեղ չկա դրույթ բժշկական միջամտություն իրականացնելուց հրաժարվելու մասին, այսինքն` բուժաշխատողը համապատասխան հակացուցումների բացակայության դեպքում պարտավոր է իրականացնել բժշկական միջամտություն։
ՀՀ ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ին հակազդման 2022-2026 թվականների միջոցառումների ծրագրով նախատեսված են միջոցառումներ, որոնց միջոցով պայքար է մղվում նաև խտրականության դեմ։
Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք՝ բուժհաստատություններում խտրականության խնդրին համակարգային լուծում տալու նպատակով նախարարությունում ստեղծվել է խտրականության դեպքերի, պացիենտների անձնական տվյալների գաղտնիությանն առնչվող խնդիրների մշտադիտարկման եւ վերահսկողության մշակման աշխատանքային խումբ։
Հայաստանում ՄԻԱՎ-ի դեպքերն արձանագրվել են 1988 թվականից։ Մարդու իմունային անբավարարության վիրուսն (ՄԻԱՎ) առաջացնում է ՄԻԱՎ հիվանդությունը, որի վերջնային փուլը ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշն է (ՁԻԱՀ): Ներթափանցելով օրգանիզմ՝ ՄԻԱՎ-ը թուլացնում է իմունային համակարգը, ինչի հետեւանքով օրգանիզմը դառնում է անպաշտպան բազմաթիվ վարակային եւ այլ հիվանդությունների նկատմամբ: ՁԻԱՀ-ը զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց օրգանիզմում եւ բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խոր խաթարմամբ, որի հետեւանքով օրգանիզմն անպաշտպան է դառնում զանազան վարակիչ եւ ուռուցքային հիվանդությունների նկատմամբ: Վարակված մարդու օրգանիզմում վիրուսը պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում: ՄԻԱՎ վարակի արմատական բուժում դեռեւս գոյություն չունի:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով պայմանավորված` մասնագիտացված բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպվում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակում: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժումն իրականացվում է հակառետրովիրուսային դեղամիջոցներով, իսկ օպորտունիստական վարակների առկայության դեպքում` նաեւ օպորտունիստական հիվանդությունների բուժման դեղերով: Սուր վիրուսային հեպատիտների բուժումն իրականացվում է պետական պատվերի շրջանակում` համաձայն անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների եւ վիճակների հաստատված չափորոշչի:
Վիճակագրություն
Հայաստանում 2023 թվականի առաջին հինգ ամսվա ընթացքում ախտորոշվել է ՄԻԱՎ-ի 216, ՁԻԱՀ-ի 83 դեպք։ 2023 թվականի մայիսի դրությամբ Հայաստանում ապրում է ՄԻԱՎ ունեցող 4185 քաղաքացի: Այս տարվա առաջին հինգ ամսում մահացել է ՄԻԱՎ ունեցող 38 քաղաքացի։
ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի համաճարակաբանական հսկողության եւ խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց՝ ՄԻԱՎ-ով ապրող բուժառուների մոտ 70 տոկոսը տղամարդիկ են, 30 տոկոսը՝ կանայք։ ՄԻԱՎ ունեցողների կեսը 25-39 տարեկան է։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ գրանցված դեպքերի 51%-ը վարակման վայրը նշել է ՀՀ սահմաններից դուրս։
Վարդան Արզաքանյանն ասում է՝ մարդիկ իրենց ՄԻԱՎ կարգավիճակի մասին իմանալուց հետո հոգեբանական խնդիրներ, ոմանք նույնիսկ խոր դեպրեսիա են ունենում։ Հիվանդության անունն անգամ շատերի մեջ հոգեբանական խնդիր է առաջացնում, հետո նրանք մասնագետների օգնությամբ են աստիճանաբար հաղթահարում այդ խնդիրները։ Բժիշկը վստահեցնում է՝ եթե մարդիկ ժամանակին դիմեն բժշկի, հետեւեն մասնագետների բոլոր խորհուրդներին ու դեղերն ընդունեն, կապրեն այնքան, որքան կապրեին ՄԻԱՎ չունենալու դեպքում։
«Կան նաեւ հասարակական կազմակերպություններ, որոնք ՄԻԱՎ ունեցողներին աջակցում են»,- ասում է Արզաքանյանը։
Խոսելով ՄԻԱՎ ունեցողների բուժման մասին՝ մասնագետն առանձնացնում է երեխաներին․ նրանց բուժման արդյունավետությունը կախված է ծնողների պատասխանատվությունից, որոնք պետք է երեխային պարտաճանաչորեն տանեն հետազոտությունների, դեղորայքը ժամանակին տան։
«Շատ փոքր խումբ է, բայց, այո՛, կան որոշ անպարտաճանաչ ծնողներ, որոնք այս կամ այն պատճառով կարող են դեղերը մի օր տալ, մի օր չտալ․․․ Բարեբախտաբար այսպիսի ծնողները քիչ են․ նրանց հետ առանձին աշխատում ենք մենք եւ հասարակական կազմակերպության աշխատակիցները»,- ասում է բժիշկը։
Ծնողի անպարտաճանաչությունն ազդում է երեխայի վրա։ Երեխաների հիվանդությունը կարող է մեծահասակների համեմատ ավելի արագ ընթանալ, եւ դեղորայքը ժամանակին չընդունելը շատ լուրջ հետեւանքների կարող է հանգեցնել։
Հայաստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում գրանցված ՄԻԱՎ ունեցողների 75 տոկոսը վարակվել է սեռական ճանապարհով՝ կին-տղամարդ սեռական հարաբերությունների միջոցով։
Վերջին տասը տարում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նկատվում է հոմոսեքսուալ ճանապարհով վարակման դեպքերի աճի միտում։ Իսկ մոտ 20 տարի առաջ ՄԻԱՎ-ը հիմնականում փոխանցվում էր ներարկման միջոցով թմրանյութեր օգտագործելու հետեւանքով (նույն ներարկիչն օգտագործում են տարբեր մարդիկ ու վարակվում տարբեր հիվանդություններով, այդ թվում՝ ՄԻԱՎ-ով):
Վարդան Արզաքանյանն ասում է՝ շատ կարեւոր է հիվանդությունը հայտնաբերել վաղ շրջանում, ուստի մայրաքաղաքում եւ մարզերում անցկացվում են իրազեկման միջոցառումներ, որոնք ուղեկցվում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության տրամադրմամբ։ Քաղաքացիների ցանկությամբ անցկացվում են նաև հետազոտություններ։
Իրազեկման միջոցառումների ընթացքում անվճար եւ անանուն հետազոտություններ են անցկացվում շարժական կլինիկաներում։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն ունի 4 շարժական կլինիկա, որոնք անհրաժեշտության դեպքում ուղեւորվում են նաեւ մարզեր։
«Որքան հիվանդությունը վաղ է հայտնաբերվում, եւ բուժումը վաղ է սկսվում, այնքան նվազում է մյուսներին վարակելու հավանականությունը, որովհետեւ եթե վարակակիրը հակառետրովիրուսային բուժում է ստանում, ապա նոր մարդկանց վարակելու հավանականությունը մոտենում է զրոյի, նրանք չեն վարակում իրենց զուգընկերներին։ Վաղ հայտնաբերվելու դեպքում կկանխարգելվեն հիվանդության տարածման դեպքերը»,- բացատրում է Վարդան Արզաքանյանը։
Առողջության պահպանման առաջնային օղակներում՝ պոլիկլինիկաներում, վերապատրաստում անցած մասնագետներն անհրաժեշտության դեպքում հետազոտում են, խորհրդատվություն են տրամադրում քաղաքացիներին, որոնք ուզում են իմանալ իրենց ՄԻԱՎ կարգավիճակի մասին։ Վարդան Արզաքանյանը վստահեցնում է՝ վերջին երկու տարում այս ծրագրի միջոցով նոր դեպքեր են հայտնաբերվել․ այն արդյունավետորեն է աշխատում։
Մասնագետը վստահեցնում է՝ շատ կարեւոր են իրազեկման ակցիաները, լրատվամիջոցների անդրադարձն այս թեմային։ Տարբեր միջոցներով, բոլոր ուղղություններով պետք է պայքարել այս հիվանդության դեմ, քանի որ շատերն ուղղակի տեղեկացված չեն ՄԻԱՎ վարակի, դրա փոխանցման ուղիների, կանխարգելման միջոցների մասին։
«Ոմանք չգիտեն՝ ինչի կարող է հանգեցնել ՄԻԱՎ-ով վարակվելը։ Շատերը վախից ուղղակի խուսափում են հետազոտվելուց՝ մտածելով, որ իրենց մասին տեղեկությունը կտարածվի։
Կան դեպքեր, երբ քաղաքացին գիտի իր ՄԻԱՎ կարգավիճակի մասին, բայց չի հավատում կամ չի ուզում հավատալ, որ վարակված է, ուստի հրաժարվում է բուժվելուց։ Ոմանք նույնիսկ այդ հիվանդության գոյությանը չեն հավատում։ Բժիշկն ասում է՝ այդ մարդու համար ավելի հեշտ է մտածելը, որ ինքը հիվանդ չէ, եւ այդ հիվանդությունը գոյություն չունի, քան ընդունել իր՝ վարակված լինելու փաստը։ Մասնագետներն առանձին աշխատում են նաեւ այս մարդկանց հետ։ Շատ դժվար է լինում նրանց համոզել, բացատրել, որ այդ հիվանդությունը գոյություն ունի, եւ այն առողջության լուրջ խնդիրներ կարող է առաջացնել, եթե բուժում չստանան։ Ցավոք, միշտ նման դեպքեր լինում են։ Մասնագետները փորձում են այդ մարդկանց հետ կապ հաստատել կամ հասարակական կազմակերպությունների միջոցով են ջանում գտնել ու զրուցել նրանց հետ։ Ցավոք, երբեմն դա նրանց չի հաջողվում։
«Հհիվանդության գոյությանը չհավատացողները մեկ է, մի քանի տարի հետո են հայտնվում մեր ուշադրության կենտրոնում, բայց արդեն որեւէ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում պառկած՝ ծանր վիճակում։ Այս հիվանդությունը զարգանում է։ Իհարկե, մեկի օրգանիզմում դա լինում է արագ, մյուսի մոտ՝ դանդաղ, բայց ի վերջո լինում է, հետեւաբար այն վաղ ախտորոշելն ու բուժում ստանալը չափազանգ կարեւոր են։ ՄԻԱՎ ունեցողն օրական պարտադիր խմում է մեկ դեղահաբ, անհրաժեշտության դեպքում հաճախում է հետազոտությունների եւ ապրում է իր առօրյա կյանքով»,- եզրափակում է բժիշկը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։