ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հուլիսի 26-ին հայտարարել է, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման այլընտրանք չէ։
Բորելը նշել է, որ Բրյուսելը մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հումանիտար իրավիճակով։ «Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ամենակարճ ժամկետում երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով եւ թույլ չտալ հետագա էսկալացիա»,- նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը:
Դիվանագետն ընդգծել է, որ տարածաշրջանում Կարմիր խաչի գործունեությունը լրջորեն տուժել է, եւ հորդորել է ամբողջությամբ վերսկսել այն՝ ներառյալ բժշկական նպատակներով տարհանումը եւ մարդասիրական օգնության առաքումը: «Հումանիտար հասանելիության հարցը չպետք է քաղաքականացվի»,- ասված է հայտարարությունում։
Հուլիսի 18-ին Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ ԵՄ-ն ձգտում է Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ երկխոսության հաստատմանը, ինչը, ըստ նրա, լուծումներ գտնելու ճանապարհին կարեւոր գործոն է: «Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, իսկ Աղդամով անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի»,- նշել էր ԵՄ հատուկ ներկայացուցիչը եւ հավելել, որ պետք է օգտվել ցանկացած առաջարկից։