Վրացական jam-news-ը հայտնել է, որ ամերիկացի դիվանագետ, ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին բարձրաստիճան պաշտոնյա եւ Ատլանտյան խորհրդի (ամերիկյան վերլուծական կենտրոն) ավագ գիտաշխատող Դանիել Ֆրիդը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է, որ Վրաստանը ինքնամեկուսացվում է, եւ տեղական իշխանությունը քաջատեղյակ է՝ որն է Եվրամիություն մտնելու ճանապարհին երկրի խնդիրը։ Նա նշել է, որ բազմիցս ասել է, որ Վրաստանն ունի Մոսկվայի նկատմամբ զգուշավոր քաղաքականություն վարելու բոլոր իրավունքները։ Եվ հակառակը, երբեք չի ասել, որ Վրաստանը պետք է դառնա Ուկրաինային զենք մատակարարող։ «Գիտակցում եմ Վրաստանի խոցելիությունը, բայց խնդիրն այն է, թե արդյոք Վրաստանի կառավարությունը փորձում է անել այն, ինչ անում է, օրինակ, Մոլդովան՝ նվազեցնել սեփական խոցելիությունը, կախվածությունը Ռուսաստանից, քանի դեռ ՌԴ-ն ագրեսիվ պատերազմ է վարում: Վրաստանը կարծես ճիշտ հակառակն է անում՝ ամրապնդում է Ռուսաստանի հետ կապերը․ մի բան, որ Մոլդովան չի անում»,- նշել է Ֆրիդը։
Նա հավելել է, որ չի հասկանում ռուսական ճնշման նկատմամբ իրեն ավելի խոցելի դարձնող եւ վաղեմի ընկերներից մեկուսացող Վրաստանի պահվածքը։ Ըստ դիվանագետի՝ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ հարաբերություններում զգուշավոր լինելու կամ ԱՊՀ անդամ լինել-չլինելու համար չէ, որ քննադատում է Վրաստանին։ Նրա համոզմամբ՝ վրացական իշխանությունը հասել է ներկայիս վիճակին իր ավտորիտար օրակարգն առաջ մղելու, Մոսկվայի կողքին կարեւոր դերակատարում ունենալու եւ հասարակության մեջ հակասություններ առաջացնող հարցերի օգտագործման արդյունքում։ Ըստ ամերիկացի դիվանագետի՝ Վրաստանի կառավարության պարզաբանումները չեն փրկի իրավիճակը։ Այնուամենայնիվ, նա հույս է հայտնել, որ Վրաստանի կառավարությունը դեռ կարող է մանեւրել, ճիշտ ընտրություն կատարել եւ լավագույն որոշումն ընդունել։