Ըստ թուրքական TRT հեռուստաալիքի՝ Թուրքիան եւ Ադրբեջանը պայմանավորվել են համագործակցել Kaan հինգերորդ սերնդի թուրքական կործանիչի ստեղծման նախագծի շրջանակում։ Համապատասխան պայմանավորվածությունը կձեւակերպվի երկկողմ համաձայնագրի տեսքով, որը նախատեսվում է ստորագրել Ստամբուլում անցկացվող պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի (IDEF-2023) շրջանակում։
Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ մարտավարական–տեխնիկական բնութագրերով Kaan–ը կգերազանցի ամերիկյան F-35–երը եւ հեռանկարում կփոխարինի հանրապետության ՌՕՈՒ–ի զինանոցում գտնվող F-16 կործանիչներին։ Հինգերորդ սերնդի Kaan կործանիչը մշակվում է Թուրքիայում 2017-ից «Ազգային մարտական ինքնաթիռ» ծրագրի շրջանակում։ Նախատեսվում է, որ առաջին թռիչքն այն կկատարի 2023-ին, իսկ 2028-ին կմեկնարկի դրա սերիական արտադրությունը։
Թուրքական «Ենի շաֆակ» պարբերականն այդ առնչությամբ նշել է, որ Բաքվի մասնակցությունը նախագծին պետք է դիտարկել որպես կարեւոր քայլ ռուսական «ՄիԳ-29» կործանիչներով զինված Ադրբեջանի օդուժի արդիականացմանն ուղղված կարեւոր քայլ։ Defence Turk պորտալի տվյալներով` թուրքական կործանիչի ստեղծման նախագծին կարող է մասնակցել նաեւ Ուկրաինան։