ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, թե այժմ Հայաստանում կամավոր ատեստավորման արդյունքում 507 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա, իսկ քսաներկու ուսուցիչ այսօր ստանում է ավելի քան 400 հազար դրամ։
«Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) արձագանքում է՝ մի շարք պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի ուսուցիչն այդքան աշխատավարձ ստանա։ ՀԿ նախագահ Անուշ Մարտիրոսյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում կարեւորում է համաչափ պայմանների ապահովումը։
«Ասում են՝ ուսուցիչը կարող է հեշտությամբ 400 հազար դրամ աշխատավարձ ստանալ, բայց դրա համար պետք է դասղեկ լինի, մեթոդմիավորման նախագահ լինի, ունենա շաբաթական ավելի քան քսան դասաժամ։ Դպրոցում յուրաքանչյուր առարկայից մեկ ուսուցիչ կարող է մեթոդմիավորման նախագահ լինել։ Դասղեկ էլ բոլորը դառնալ չեն կարող։ Քանի՞ ուսուցիչ կարող է միաժամանակ այդքանն անել, որ նման աշխատավարձ ակնկալի»,- նշում է Մարտիրոսյանը՝ հավելելով, որ իր ղեկավարած ՀԿ-ին զարմացնում են կառավարող մարմինների վերաբերմունքն ու մոտեցումը։
Մեր զրուցակիցը նշում է՝ հասկանալի է, որ փորձում են կրթօջախներում որակ ապահովել, սակայն ծրագրերը պետք է կազմվեն նպատակային ու հիմնավորված։ Ուսուցիչների կամավոր ատեստավորման նախաձեռնությունն էլ պետք է նախապես մանրամասն քննարկվեր մանկավարժների հետ, հաշվի առնվեին բոլոր հանգամանքները։
«Ամեն ինչ այնպես է արված, կարծես ցանկանան սխալներ գտնել։ Ուսուցիչների հանդեպ հարգանք չկա։ Եթե կան որակի չափանիշներին չհամապատասխանող կադրեր, դա չի նշանակում՝ չկան նաեւ հարգանքի արժանի մասնագետներ»։
Մարտիրոսյանը նշում է, թե պաշտոնյաները պետք է հիմնվեն իրական փաստերի վրա, ոչ թե ցանկալի թվերի։ «Երեսուն հազարից ընդամենը քսաներկու ուսուցիչ է վկայակոչվում։ Առավել կարեւոր է հասկանալը, թե, ի վերջո, ինչ խնդիր է լուծում ընդամենը այդքան ուսուցչի աշխատավարձի բարձրացումը որպես երեւելի ու չափելի ցուցանիշ ներկայացնելը»,- ասում է նա։
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն կոչ է անում սահմանելու ուսուցիչների արժանապատիվ մեկնարկային աշխատավարձ, որը համեմատելի կլինի կառավարող մարմինների աշխատավարձերի դրույքաչափերի հետ։
«Ալիք Մեդիան» առաջիկայում ավելի մանրամասնորեն կանդրադառնա ուսուցիչների վարձատրության թեմային։