Լիտվայի ԱԳՆ-ն բոլոր պատասխանատու կողմերին կոչ է արել՝ թույլ տալ Ղարաբաղի բնակչությանը տրամադրել կարեւոր մարդասիրական օգնություն եւ ապահովել անարգել տեղաշարժ Լաչինի միջանցքով համաձայն Արդարադատության միջազգային դատարանի հրամանի։ «Չենք կարող թույլ տալ, որ մարդասիրական ճգնաժամը ծավալվի»,- նշված է Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանության Ֆեյսբուքյան գրառման մեջ:
Ավելի վաղ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար բեռը գրեթե 20 ժամ է, ինչ Կոռնիձորի սահմանային հատվածում է եւ սպասում է Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն: Նման տեղկություն էր հայտնել նաեւ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը: Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը «Առաջինի լրատվական ալիք»-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է, որ առաքելությունը շուրջօրյա ռեժիմով լինելու է Կոռնիձորի սահմանային հատվածում եւ շարունակելու է մնալ այնքան ժամանակ, քանի դեռ հարցը որեւէ կերպ չի լուծվել: