Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հայտարարել է, որ Հայաստանում 2023-ի երկրորդ եռամսյակում լրատվամիջոցների դեմ դատական հայց ներկայացնելու ցուցանիշն առաջին կիսամյակի համեմատ կրկնակի աճել է։ Մասնավորապես, լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ 16 հայց է ներկայացվել, որից 11–ը՝ իշխող քաղաքական ուժի կամ պաշտոնյաների կողմից, 5–ը` գործարար շրջանակներից։
Նա հավելել է, որ հայցվորները հիմնականում փորձում են հաշիվ մաքրել լրագրողների կամ լրատվամիջոցների հետ։ Ըստ Մելիքյանի՝ իբրեւ կանոն անտեսվում են արտադատական լուծումները, որոնցից են` դիմել խմբագրություն, հերքում պահանջել կամ պատասխանի իրավունքից օգտվել, ԶԼՄ–ների էթիկայի կարգավորման դիտորդ մարմնին դիմել եւ այլն։
«Ամենացցուն օրինակը, թերեւս, Տիգրան Ավինյանի հայցն է ընդդեմ «168 ժամի» եւ լրագրող Դավիթ Սարգսյանի»,– նշել է փորձագետը՝ շեշտելով, որ տվյալ դեպքում հայցվորն օգտվել է օրենքով նախատեսված դրամական փոխհատուցման ամենաբարձր շեմից։ Ավինյանը պահանջել է 9 միլիոն դրամի փոխհատուցում, ավելին` նաեւ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պատասխանողների գույքի եւ բանկային հաշիվների վրա հայցագրի չափով կալանք կիրառվելու պահանջով։
Մելիքյանը նշել է, որ դա միջազգային նորմերի, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կոպիտ անտեսում է։ Նա հավելել է, որ նախորդ եռամսյակում լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ եղել են 18 տարատեսակ ճնշումներ, տեղեկություն ստանալու եւ տարածելու իրավունքին առնչվող 24 խախտումներ։