Հայաստանի տասներկու հասարակական կազմակերպություններ հարցեր են ուղղել Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին։ Դրանք վերաբերում են մայրաքաղաքի համաչափ եւ մարդակենտրոն զարգացմանը, պատմամշակութային միջավայրի պահպանմանը, կանաչ տարածքներին, տրանսպորտին եւ կարեւոր այլ ոլորտների։
Հրապարակելով հույժ կարեւոր այս հարցաշարը՝ «Ալիք Մեդիայի» խմբագրությունն իր կողմից ավելացնում է եւս չորս հարց․
1. Պատրաստվո՞ւմ եք արդյոք կանխարգելիչ կամ պատժիչ միջոցներ ձեռնարկել ձեւափոխված խլացուցիչ խողովակներով անտանելի աղմուկ արտածող ավտոմեքենաների դեմ։
2. Ի՞նչ միջոցներ եք կիրառելու հասարակական սննդի կետերում (հատկապես՝ բացօթյա սրճարաններում) հնչող բարձր երաժշտությունը նորմավորելու եւ ժամային խիստ սահմանափակումներ մտցնելու ուղղությամբ։
3. Հայտնի է, որ քաղաքում առկա փոշու մեծագույն մասն առաջանում է ընթացող հսկայածավալ շինարարության հետեւանքով։ Պատրաստվո՞ւմ եք փոշոտումը մեղմող կամ վերացնող միջոցառումներ պարտադրելու կառուցապատողներին։
4. Պատրաստվո՞ւմ եք ակնառուների արձանների փոխարեն կամ դրանցից բացի քաղաքում տեղադրելու արվեստի գործ համարվող քանդակներ, որոնք կներկայացնեն գաղափարներ, այդ թվում՝ վերացական։ Ինչպե՞ս եք այս գործում ներգրավելու արվեստագետներին։
«Ալիք Մեդիան» պատրաստ է հրապարակելու ինչպես այս չորս հարցերի, այնպես էլ հասարակական կազմակերպությունների առաջադրած հարցաշարի պատասխանները։