ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հայտարարությանը, ասել է, որ Ադրբեջանը հնարավորություն ունի Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ սկսելու եւ ինտեգրման հարցերը քննարկելու ԼՂ ներկայացուցիչների հետ, որոնք էլ կորոշեն` ինչ են ուզում։
Հաջիեւը հուլիսի 26-ին հայտարարել էր, թե խաղն ավարտվել է, եւ Արցախին մնում է միայն Ադրբեջանի կազմում ինտեգրվելը։ Ըստ Մարուքյանի՝ դա դիվանագետի հայտարարություն չէ` նշելով, որ խոսքը էթնիկ զտման, ցեղասպանության վտանգի, սովամահության առաջ կանգնած մարդկանց մասին է։ «Եթե հարյուր հազար մարդու կյանքն Ադրբեջանի համար խաղի հարց է, դա ես թողնում եմ միջազգային հանրության խղճին, թող իրենք դիտարկեն»,– ասել է Մարուքյանը։ Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների, անվտանգության հարցը միջազգային մեխանիզմի ներքո պետք է Լեռնային Ղարաբաղ–Ադրբեջան բանակցությունների շրջանակում հասցեագրվի։
«Հիմա Հիքմեթ Հաջիեւն ասում է` խաղը ձեր ավարտված է, դուք պետք է ինտեգրվեք։ Դե գնացեք, բանակցեք եւ ասեք մարդկանց։ Դա «Թվիթերում» չեն բանակցում»,– նշել նա։ Մարուքյանը հույս է հայտնել, որ ԼՂ-ի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների այդ հանդիպումը տեղի կունենա։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երեւանից ուղեւորվել է ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ, որտեղ ավելի քան 120 հազար մարդու, նրանց թվում՝ 30 հազար երեխայի եւ 20 հազար տարեցի սովամահություն է սպառնում։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր եւ կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։