Ղարաբաղին պաշարած անորոշությունը շարունակում է մնալ ֆեյսբուքյան մեկնաբանությունների հիմնական թեման:
Բանաստեղծուհի Արմինե Մուրադյանն այդ առիթով գրում է. «Արցախի հայկական մնալն ու ներկայիս իշխանությունը հակադարձ համեմատական են իրար… մնացյալը սրանից բխող հարցեր են»:
Վերլուծաբան Հարութ Ուլոյանի թիրախում երեկվանից Կոռնիձորի մոտ կանգնած Ղարաբաղի համար ուղարկված օգնությունն է. ««Մարդասիրական բեռներ» ուղարկելը որպես սխրանք ու հերոսություն ներկայացնողները սրտնեղում են, թե շատերը դա որպես շոու են մեկնաբանում»:
Պատմաբան Գոռ Մադոյանը հեգնում է «Փրկչի» անհետեւողականությունը. «Սամվել Բաբայանը մի ամիս առաջ ասում էր ինձ պետնախարար տվեք Ադրբեջանին կզցնեմ, փող էլ կա, զենք էլ կա, ամեն ինչ էլ կա, էսօր ասում ա Աղդամի ճամփեն ու ինտեգրումը ես բանակցեմ լավ կլինի: Պատերազմի ժամանակ ասում էր սաղովի հելնենք պրծած թեմայ ա: Հիշողությունն ա մարդուն տարբերում փորձագետից»:
Պատմաբան Կարպիս Փաշոյանը պարզել էր, որ Մոսկվայում Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովն օրերս առանց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի են քննարկել ՀՀ-ից հեռացած ադրբեջանցիների վերադարձի հարցը: «Փաստորեն դրսում որեւէ մեկը հաշվի չի նստում ՀՀ ներկայացուցիչների հետ։ Այսպիսի սկանդալից հետո առնվազն հրաժարականի դիմումներ պետք է տեսնեինք։ Առավոտից գիշեր ինքնիշխանությունից, անկախությունից ճամարտակողները այսօր Հայաստանն այն աստիճան են գլորել անդունդը, որ նույնիսկ իր իսկ մասին հայտարարություններում նրա կարծիքը չեն հարցնում։»
Ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Քերիմյանը վերլուծում է երկու օր առաջ Փաշինյանի այն անթաքույց ակնարկը, թե պատերազմի առաջին օրերին ղարաբաղցիները փախչում էին Ղարաբաղից: Օգտատերը դրա բացատրությունն ունի. «Հիշում եմ էդ դաժան օրերը, երբ ՀՀ տարբեր քաղաքներում, գյուղերում հանդիպում էի հադրութեցիներին եւ հարցնում էի ո՞նց եք եկել, մարդիկ պատմում էին, որ 27-ի առավոտյան կազմակերպած սկսել են հանել։ Երբ դիմադրություն է եղել, որ չեն պատրաստվում դուրս գալ, ասել են թե այստեղ կարեւոր ռազմական գործողություններ են լինելու, ձեզ պետք է հանենք հետո կգաք։ Շատերը դիմադրել էին մինչեւ հոկտեմբերի 3-5։
Էսօրվա նման հիշում եմ, պատկերը աչքիս առաջ է, ձայնը ականջներիս, թե մի կին ոնց էր բարձր հեկեկում եւ պատմում. դրանք (ազերիները) որ մտնեն Հադրութի անտառները էլ դուրս չեն գա, գյուղեր մտնեն երկար ժամանակ կապրեն, քանի որ նոր-նոր էին ավարտել ձմեռվա համար նախատեսված սննդի պահածոյացումը եւ ստիպված թողել դուրս էին եկել։
Բարձր լացելով, հեկեկալով ասում էր, մենք էլ Հադրութ չենք գնա, չենք գնա, բոլորիս խաբեցին հանեցին։ 90-ականներին այդպես չէր` մնացել ենք, որ Հադրութը չանցավ թուրքին։
Ասում ա, փախել են…»։