ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը հայտնել է, որ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի եւ միջազգային կառույցների ներկայացուցիչները հուլիսի 28-ին կայցելեն Կոռնիձոր, որտեղ գտնվում են Արցախ հումանիտար բեռ տեղափոխող 19 բեռնատարները։ Նա նշել է, որ հակառակ ադրբեջանական կողմի պնդումներին, թե Լաչինի միջանցքը բաց է, կենսական նշանակության առաջին անհրաժեշտության ապրանքներով 19 բեռնատար արդեն 20 ժամից ավելի Կոռնիձորի սահմանային հատվածում է։
Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում նշել է, որ բեռնատարների վերադառնալու մասին խոսք չկա, նրանք այնտեղ են, որտեղ տեղակայվել են` Կոռնիձորի հատվածում, նոր զարգացում չկա, սպասում են պատասխանի` բեռների տեղափոխման գործընթացը կազմակերպելու նպատակով: «Մեր առաջնային նպատակը եղել եւ մնում է հումանիտար օգնությունը ԼՂ ժողովրդին հասցնելը, այս նպատակին են ուղղված հայկական կողմի բոլոր ջանքերը»,- նշեց նա:
ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետների՝ Կոռնիձոր մեկնելու մասին ավելի վաղ հայտնել էր նաեւ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը` չբացառելով որեւէ սցենար։