2023-ի 1-ին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է թունաքիմիկատներից թունավորման 45 դեպք։ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վերլուծության արդյունքներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թունավորման դեպքերը նվազել են 1,2 անգամ: Միաժամանակ, դեպքերի 71,1%-ն արձանագրվել է տղամարդկանց, իսկ 28,9%-ը՝ կանանց շրջանում: Դեպքերի մեծ մասը՝ 77,8%-ը, գրանցվել է մեծահասակների, իսկ 22,2%-ը՝ մանկահասակ բնակչության շրջանում: 80% դեպքերում պատճառը եղել է ծնողների անուշադրությունը։
Ինչպես խուսափել թունավորումից
Թունաքիմիկատներից թունավորումներից խուսափելու նպատակով կենտրոնը հորդորում է քիմիական նյութերը եւ թունաքիմիկատները երեխաների համար հասանելի վայրերում կամ խոհանոցում չպահել, այդպիսի նյութերը պահպանել բարձր տեղում, իրենց սկզբնական փաթեթավորմամբ, հատուկ տարածքում՝ փակվող տուփերում, երեխային արգելել խաղալ կենցաղային թունաքիմիկատների փաթեթներով։
Կենտրոնում խորհուրդ են տալիս նաեւ կարդալ կենցաղային քիմիկատների հրահանգները եւ իմանալ դրանց վտանգավորության մասին, թունաքիմիկատի հետ աշխատելիս օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիտ կոշիկներ), լվացել եւ թունավոր նյութերով աղտոտված հագուստը պահել առօրյա հագուստից առանձին, թունավոր նյութերը պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում չպահել, թունավոր նյութերը գործարանային սրվակներում չպահել․ հակառակ դեպքում այդ նյութերի սրվակների վրա փակցնել նախազգուշացնող պիտակներ եւ պահել սննդամթերքից հեռու։
Ավելի վաղ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) որոշել է թունաքիմիկատների՝ Հայաստան ներմուծման պահանջները խստացնել։