«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասում կառուցվող բազմաբնակարան շենքերի շինաշխատանքներն ավարտական փուլին են հասել: Հիմնադրամը բնակիչներից ընդունում է շահառու դառնալու դիմումներ մինչեւ ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը:
Երկու բազմաբնակարան շենքերի բնակարաններից մեկի սեփականատեր դառնալու դիմումները, սակայն, հիմնադրամը պաշտոնական հայտարարությունը դեռ չտարածած էր ստանում: Բայց կազմակերպությունից հայտնում են, որ մինչեւ հայտարարություն տարածելու պահը ստացած դիմումները չեն դիտարկելու: Առաջարկում են նորից դիմել, քանի որ դրանք համապատասխան չեն հաստատված չափորոշիչներին, հետեւաբար փաստաթղթերը թերի են:
Շահառու դառնալու պարտադիր պայմաններ են սահմանված: Դիմումատուները անխտիր բոլոր կետերին պետք է համապատասխանեն. երկրաշարժի ժամանակ տուն կամ բնակարան կորցրած լինեն, երբեւէ բնակարանի գնման վկայական կամ բնակարան ստացած կամ ունեցածը վաճառած չլինեն, վերջին 25 տարում բնակված լինեն Գյումրիում, ապրեն տնակում կամ լինեն անօթեւան, չունենան սեփական անշարժ գույք: Այս ամենի հետ մեկտեղ ընտանիքը պետք է լինի բազմանդամ՝ համալրված անչափահասներով: Առաջնահերթ կդիտարկվեն անշարժ գույք չունեցող եւ 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ստացած կամ զոհված զինծառայողների ընտանիքների դիմումները:
Անցնող տարվա ավարտին «Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ Գյումրիում բնակարանատեր դարձավ 36 ծայրահեղ անապահով ընտանիք: Բնակարանները տրամադրվել են ընտանիքներին անհատույց օգտագործման իրավունքով, 5 տարի ժամկետով: Եթե շահառուները բարեխղճորեն պահպանեն բնակարանն ու գույքը, հիմնադրամը թույլ կտա լիիրավ սեփականատեր դառնալ` սեփականաշնորհելով դրանք: