Ըստ ադրբեջանական Haqqin.az գործակալության՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիանը եւ Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են Լաչինի միջանցքի շուրջը ստեղծված իրավիճակը։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Բայրամովն ասել է, թե «Ադրբեջանի դեմ արվող պնդումները՝ պայմանավորված Լաչինի ճանապարհի եւ հումանիտար իրավիճակով, քաղաքական շահարկում» են։ Բայրամովը եւ Աբդոլահիանը նաեւ կարեւորել են տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի վերաբերյալ երկկողմ եւ տարածաշրջանային համաձայնագրերի իրականացումը։
Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել պաշտոնական Թեհրանին «Ղարաբաղյան շրջանի առնչությամբ կառուցողական դիրքորոշման համար»: Բայրամովն ու Աբդոլահիանը նշել են, որ երկու երկրներն այժմ շարժվում են կառուցողական համագործակցության դրական ճանապարհով: