ՀՀ Կառավարության հուլիսի 27-ի նիստում հավանության են արժանացել նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2023/2024 ուստարվա անվճար ուսուցման (նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների, ինչպես նաեւ առաջնահերթ եւ կարեւոր ոլորտների մասնագիտությունների ցանկն ու քանակը:
Սահմանվել է պետության համար կարեւոր եւ առաջնահերթ մասնագիտությունների ցանկը. այդ մասնագիտություններով ընդունվածներին նախատեսվում է տրամադրել բարձր կրթաթոշակ: Մասնագիտություններն ընտրվել են հետեւյալ սկզբունքներով.
պետության համար առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, շինարարությունը, արդյունաբերությունը,
տվյալ ոլորտների շրջանակում այն մասնագիտությունները, որոնց պարագայում չեն համալրվում ամեն տարի տրամադրվող պետության կողմից ֆինանսավորվող կամ անվճար տեղերը, ինչպես, օրինակ՝ անասնաբուժությունը, ուստի կարիք կա ներդնելու խրախուսման նոր մեխանիզմներ՝ այս ուղղություններով դիմորդների հոսքը մեծացնելու եւ մասնագիտական կադրեր պատրաստելու համար,
միաժամանակ այն մասնագիտություններով, որոնցով գրանցվում է աշխատաշուկայի մեծ պահանջարկ, ինչպես, օրինակ՝ կաթիլային ոռոգման համակարգի մոնտաժման մասնագետների կամ ջերմատնային տնտեսության մասնագետների պարագայում։
Մասնագիտությունների ցանկը, իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, կարող է փոփոխվել, հետեւաբար այն պարբերաբար կվերանայվի հետագա տարիներին։ Կրթաթոշակի տրամադրման եւ նոր մոտեցումների հիմնավորումը ներկայացված է ներկայում շրջանառվող ՀՀ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծում: