Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հուլիսի 28-ին լիագումար նիստում հավանություն է տվել զինվորական հաշվառման պահանջների խախտման համար պատասխանատվության խստացման մասին օրենքին: Դա ենթադրում է ծանուցագրով զինկոմիսարիատ չներկայանալու համար տուգանքների գումարի ավելացում՝ 10 անգամ։ Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ փոփոխությունները կատարվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՌԴ օրենսգրքի 21,5-րդ հոդվածում (զինվորական հաշվառման՝ քաղաքացիների պարտականությունների չկատարումը): Այսպիսով՝ զինկոմիսարիատի ծանուցագրում նշված ժամին առանց հարգելի պատճառի սահմանված վայր չներկայանալու տուգանքը կլինի 10 հազարից մինչեւ 30 հազար ռուբլի (նախկին՝ 500-ից մինչեւ 3 հազար ռուբլու փոխարեն):
Եթե ՌԴ քաղաքացին ընտանեկան կարգավիճակի, կրթության, աշխատանքի (ուսման) կամ պաշտոնի փոփոխության, նոր բնակության վայր տեղափոխվելու մասին սահմանված կարգով զինկոմիսարիատ կամ նախնական զինվորական հաշվառում կատարող մարմնին չհայտնի, տուգանքը կլինի 1000-5000 ռուբլի (նախկին՝ 500-ից մինչեւ 3 հազար ռուբլու փոխարեն): Եթե ՌԴ քաղաքացին Ռուսաստանից վեց ամսից ավելի ժամկետով մեկնելու կամ երկիր մուտք գործելու մասին տեղեկություններ չհաղորդի, ինչպես նաեւ օրենքով սահմանված ժամկետում զինկոմիսարիատ չներկայանա, կվճարի 5 հազարից մինչեւ 15 հազար ռուբլի (նախկին՝ 500-ից մինչեւ 3 հազար ռուբլու փոխարեն) տուգանք։
Օրենքն ուժի մեջ կմտնի, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության կարժանանացնի, եւ այն կհրապարակվի իրավական ակտերի պորտալում: