ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղ արդեն մի քանի օր Լեռնային Ղարաբաղ մուտքի թույլտվությանն են սպասում Հայաստանից ուղարկված բեռնատարները՝ հումանիտար օգնությամբ։ Նրանք շրջել են տեղանքում, ծանոթացել տիրող իրավիճակին։ Դիվանագետներին ուղեկցում են Հայաստանի փոխարտգործախարար Վահան Կոստանյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը եւ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։
ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտնել է, որ ներկա պահին Լաչինի միջանցքում որեւէ դրական զարգացում չկա։ Նա վստահեցրել է, որ հայկական կողմը շարունակելու է աշխատանքներ տանել, որ ի վերջո Ադրբեջանը կյանքի կոչի այն պարտավորությունները, որոնք նա միջազգայնորեն ստանձնել է։ Կոստանյանը նշել է նաեւ, որ հայկական կողմը չի դիմել Ադրբեջանին Լաչինի միջանցքը բացելու պահանջով, որովհետեւ Ադրբեջանը իրավաբանական պարտադիր ուժ կրող պարտավորությունները պետք է կատարի առանց դրա։