Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չինական China Global Television Network հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը քննարկում է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը վրացական նավահանգիստներում ներդրումներ կատարելու հնարավորության հետ մեկտեղ եւ ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ:
Ալիեւն ասել է՝ «Զանգեզուրի միջանցքի» իրագործումը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործման հետ լրացուցիչ հնարավորություններ կստեղծի բեռնափոխադրումների ավելացման համար։ «Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ կկատարվեն Վրաստանի ծովային նավահանգիստներով, եւ այդ առումով մենք մեծ հետաքրքրությամբ դիտարկում ենք որոշակի ներդրումների հնարավորությունները»,- նշել է Ալիեւը։
Ալիեւն ասել է նաեւ, որ Ադրբեջանի տարածքում «Զանգեզուրի միջանցքի» շինարարական աշխատանքները գրեթե 70 տոկոսով ավարտվել են։ «Մենք շատ ակտիվ աշխատում ենք Զանգեզուրի միջանցքի վրա, որը լրացուցիչ երթուղի կդառնա Ադրբեջանից դեպի Թուրքիա եւ Եվրոպա»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Միաժամանակ, ըստ վրաստանյան BusinessPressNews-ի, Ալիեւն ընդգծել է, որ Ադրբեջանը չի ցանկանում լինել միայն տարանցիկ երկիր, ուստի նախատեսում է իր տարածքով անցնող տրանսպորտային միջանցքների երթուղում բազմաթիվ նոր խոշոր արդյունաբերական գոտիներ ստեղծել։