Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է Բաթումի նավահանգիստ ռուսական ASTORIA GRANDE զբոսանավի ժամանմանն ու դրան հաջորդած իրադարձություններին: «Ես հպարտ եմ մեր ժողովրդով, որը խաղաղ կերպով բողոքեց Ռուսաստանի նոր սադրանքի դեմ»,- ասել է նախագահը: Զուրաբիշվիլին նշել է՝ Սեւ ծովի անվտանգությունը կենսականորեն կարեւոր է Վրաստանի, Ուկրաինայի եւ Եվրամիության համար:
Սոչիից Բաթումի նավահանգիստ զբոսանավի մուտքի դեմ բողոքի ցույցին մասնակցում էին ինչպես շարքային քաղաքացիներ, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ։ Աղմուկի պատճառ էին դարձել զբոսանավից ռուսական դրոշի ցուցադրությունը եւ Բաթում ժամանած ռուս զբոսաշրջիկների հակավրացական հայտարարությունները: Զբոսաշրջիկներից մեկն ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությանն ասել է, որ իրենք «Աբխազիան ազատագրել են Վրաստանից»:
Ռուսաստանի Սոչի քաղաքից նավարկած ASTORIA GRANDE զբոսանավը լքել է Վրաստանի Բաթումի նավահանգիստը բողոքի մասնակիցների՝ «Աբխազիան Վրաստան է», «Ռուսաստանը օկուպանտ է», «Հեռացե՛ք մեր երկրից» վանկարկումների ու Վրաստանի եւ Ուկրաինայի օրհներգերի ուղեկցությամբ։ Հանրահավաք է անցկացվել նաեւ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի դիմաց։