Ինքնահռչակ Աբխազիայի Հանրապետությունը պատրաստվում է օրենք ընդունելու «Բնակարանների եւ հյուրատների մասին», ըստ որի` այսուհետեւ օտարերկրացիներն Աբխազիայում կարող են ձեռք բերել բնակտարածություն, սակայն սեփականացնել չեն կարող: Իսկ ինչո՞ւ թույլ չի տրվում սեփականացնել: Որովհետեւ աբխազները վախենում են, որ երկրից հեռացած 250 հազար վրացիները օրենքի ընդունման դեպքում կվերադառնան, եւ իրենք՝ աբխազներն, իրենց երկրում կրկին կդառնան փոքրամասնություն, ինչպես դա եղել է ԽՍՀՄ-ի օրոք:
Օրենքի ընդունմանը աբխազներին դրդել են երկրի իրական տերերը՝ ռուսները, որոնք այնտեղ ունեցվածք էին ձեռք բերում, բայց առանց որեւէ օրենքի: www.ekhokavkaza.com-ի բլոգեր Թենգիզ Աբլոտիան անդրադարձել է այդ օրենքի հանդեպ աբխազների սարսափին: «Եթե վրացիները վերադարձան իրենց բնակարաններ, իսկապես վեճ չկա, աբխազները կրկին կդառնան փոքրամասնություն»,- ասում է վրացի բլոգերը: Բայց նա փոքրիկ խնդիր է տեսնում՝ ո՞վ ասաց, որ կվերադառնան:
«Հիմնականում կարող են վերադառնալ ծերերը: 30 տարի է անցել վրացիների «Ելքից», նրանք ինտեգրվել են բոլորովին նոր համազգային սոցիումին, լուրջ հաջողությունների են հասել մայրաքաղաք Թբիլիսիում, մի մասն ընդհանրապես տեղափոխվել է Եվրոպա: Ամեն ինչ փոխվել է»,- եզրակացնում է Թենգիզ Աբլոտիան:
Վերջինս արձանագրում է, որ եթե անգամ ճիշտ է, որ աբխազները կրկին փոքրամասնություն կդառնան Աբխազիայում, ապա այդ վտանգն այլեւս Վրաստանից չէ, այլ Ռուսաստանից: Ամենավերջում բլոգերը նկատում է, որ «Բնակարանների եւ հյուրատների մասին» օրենքի ընդունումն իսկապես պետք է վախեցնի աբխազներին. նրանք «կխեղդվեն ռուսական օվկիանոսում»: Եվ դա, ըստ բլոգերի, կարող է Աբխազիայում տրամադրություններ փոխել ընդդեմ ռուսների:
Հետաքրքիր է հիշել ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումը, որ Բրյուսելում Շառլ Միշելի մասնակցությամբ հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունների օրակարգում ընդգրկվել եւ քննարկվել է նաեւ Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը: Իր ասուլիսում Փաշինյանն ակնարկեց, որ ադրբեջանցիների վերադարձը հնարավոր չէ, որովհետեւ «ՀՀ-ում ապրող ադրբեջանցիները կամավոր հեռացել են, այդ թվում՝ իրենց բնակարանները վաճառելով, Հայաստանի կառավարությունից փոխհատուցում ստանալով»: Բայց եթե նույնիսկ Բրյուսելն ու Մոսկվան պնդեն, որ նրանք պետք է վերադառնան, ո՞վ կգա Հայաստան: Ինչպես նաեւ հայերից ո՞վ կվերադառնա Սումգայիթ, Բաքու կամ Կիրովաբադ՝ տեր լինելու իր պապական ունեցվածքին:
Հնարավոր է այլ բան՝ Հայաստանում ձեռք բերել անշարժ գույք, որն այսօր արդեն իսկ թուրքերն ու ադրբեջանցիներն անում են: Ի վերջո արտագաղթի հակված մեր հայրենակիցների համար գուցե ամենեւին էլ մեծ խնդիր չլինի, թե ով կգնի իրենց գույքը, միայն թե վաճառվի:
Ահա այստեղ է, որ մեզ մոտ կարող է անհրաժեշտություն դառնալ անշարժ գույքի մասին նոր օրենքի ընդունումը, որի դրույթներով էլ կարելի կլինի կարգավորել Հայաստանի ժողովրդագրական կերպարի պահպանման հարցը:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: