Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե «վերջին օրերին հաճախակիացել են դեպքերը, երբ ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման հատվածից Արցախի զինուժ Ադրբեջանի օդային տարածքով թռչող տեղական եւ արտասահմանյան ավիաընկերությունների մարդատար ինքնաթիռների, դրանց թվում Բուդապեշտ-Բաքու երթուղով թռչող չեխական ավիաուղիների C-680 տիպի մարդատար ինքնաթիռի GPS արբանյակային նավիգացիոն համակարգի դեմ ռադիոմիջամտություն են կիրառում»:
Ադրբեջանի ՊՆ-ի զեկույցում նշվում է, որ այդ փաստերի եւ նախորդ նման դեպքերի մասին ծանուցվել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը։ Ըստ Ադրբեջանի պատշտպանական գերատեսչության՝ ռուսական խաղաղապահ զորախումբը դեռեւս որեւէ միջոց չի ձեռնարկել այս սադրանքների դեմ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում Ադրբեջանի օդային տարածքով կատարվող թռիչքների անվտանգության համար:
Պաշտոնական Ստեփանակերտը եւ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը դեռեւս չեն արձագանքել Բաքվի հայտարարությանը: