Բելգիայի հայերի կոմիտեն հայտնել է, որ հուլիսի 28-ին Բրյուսելի սրտում՝ Եվրոպական խորհրդի շենքի առջեւ, տեղի է ունեցել լուռ բողոքի ակցիա, որի ժամանակ մասնակիցները ցուցապաստառների միջոցով կոչ էին անում անհապաղ դադարեցնելու Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության ապօրինի շրջափակումը։ Ակցիայի մասնակիցների նպատակն էր ուշադրություն հրավիրել տարածաշրջանում սրվող հումանիտար ճգնաժամի վրա, որը հանգեցրել է անմեղ մարդկանց, այդ թվում՝ երեք անչափահաս երեխաների ողբերգական մահվան՝ ավելի քան 120 հազար հայերի նկատմամբ ադրբեջանական նպատակաուղղված սովի քաղաքականության պատճառով։
Լուռ բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցների ցուցադրված պաստառները ուղերձ էին միջազգային հանրությանը, հատկապես Եվրամիությանը՝ անտարբեր չմնալու Լեռնային Ղարաբաղում/Արցախում Ադրբեջանի ձեռնարկած էթնիկ զտմանը։ Լուռ ակցիայի ընթացքում Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչները երեխաների հետ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ուղղված նամակ հանձնեցին, որում ԵՄ ղեկավարությանը կոչ է արվում ձեռնարկելու անհապաղ միջոցներ՝ կիրառել պատժամիջոցներ եւ ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ դադարեցնելու անօրինական շրջափակումը։ Մասնակիցները նաեւ ընդգծել են միջազգային իրավունքի, մարդու իրավունքների պահպանման եւ Արցախի ժողովրդի հրատապ կարիքների լուծման կարեւորությունը. աշխարհը չպետք է աչք փակի շրջափակման հետեւանքների ամբողջ ծանրությունն իրենց ուսերին կրող անմեղ քաղաքացիների, հատկապես երեխաների տառապանքների վրա։
Որպես «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության ներկայացուցիչներ եւ մտահոգ քաղաքացիներ՝ ցուցարարները համոզված են, որ կոլեկտիվ ջանքերը եւ ԵՄ կոնկրետ աջակցությունը կարող են վճռորոշ դեր խաղալ շրջափակումը դադարեցնելու եւ տուժածների տառապանքը մեղմելու գործում։ Բրյուսելի լուռ ցույցը եւս մեկ անգամ հիշեցում է, որ ավելի քան երբեւէ հրատապ են դարձել այն գործողությունները, որոնք կնպաստեն Արցախի անօրինական շրջափակումը դադարեցնելուն։ Այն կոչ է միջազգային հանրությանը, հատկապես Եվրամիությանը՝ տարածաշրջանում արդարությունը պաշտպանելու գործում իր ամբողջ դիվանագիտական ազդեցությունն ու լծակները գործադրելու համար: