Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է հուլիսի 28-ի երեկոյան Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ստահոդ հաղորդագրությունը, ըստ որի՝ ՊԲ համապատասխան ստորաբաժանումները հուլիսի 24-27-ն իբր ճնշել են Արցախի օդային տարածքով թռիչքներ կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետեւանքով ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգության համար: Ադրբեջանի ՊՆ-ի՝ իրականության հետ որեւէ աղերս չունեցող հայտարարությունը, ըստ երեւույթին, նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղելու Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար աղետից։
Ավելորդ չէ կրկին հիշեցնել, որ 2020-ի պատերազմական գործողությունների ամբողջ ընթացքում եւ դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետեւողականորեն թիրախավորել Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքները` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի եւ էլեկտրականության մատակարարման հոսքագծերը եւ ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը։