Կանադայի Դալհաուզի համալսարանի գիտնականները պարզել են, որ շներն ընդունակ են հասկանալու միջինը 89 բառ, իսկ նրանց մի մասը ընդունակ է ընկալելու մինչեւ 215 բառ եւ արտահայտություն: Դրանց թվում են իրենց անունները, ինչպես նաեւ զանազան հրամաններ, օրինակ՝ «նստե՛լ», «մո՛տ արի», «սպասե՛լ» կամ «պառկե՛լ»:
Դեռեւս 1928-ին գիտնականները փորձել են գնահատել շների՝ մարդկանց հասկանալու ունակությունը: Հոգեբաններ Սի Ջեյ Ուորդենը եւ Լ.Հ. Ուորները փաստաթղթերով հիմնավորել են Ֆելոուի՝ արու գերմանական հովվաշան՝ տիրոջ բանավոր հրամաններին արձագանքելու ունակությունը: Ըստ նրանց՝ շունը կարողացել է համարժեք արձագանքել 68 բառի: Վերջին հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են տարբեր ցեղատեսակի եւ տարիքի 165 շների ունակությունները: Պարզվել է, որ կենդանիներն արձագանքում են 15-ից մինչեւ 215 բառի, որոնց մեծ մասը հրամաններ են:
Իրենց էվոլյուցիոն պատմության եւ մարդկանց հետ սերտ հարաբերությունների շնորհիվ ընտանի շները սովորել են այնպիսի մակարդակով արձագանքել մարդու բանավոր եւ ոչ բանավոր ազդանշաններին, որը համեմատելի չէ այլ կենդանատեսակների հետ: Մեր ազդանշաններին արձագանքելու շների ունակությունը վճռորոշ նշանակություն ունի բազմաթիվ մասնագիտական եւ ընտանեկան այն դերերի համար, որ նրանք ունեն մարդու կյանքում: Հետազոտողները պարզել են նաեւ, որ հովվաշների որոշ ցեղատեսակներ ավելի շատ բառերի են արձագանքում, քան շների այլ ցեղատեսակներ: