ԱՄՆ Սենատը, որտեղ մեծամասնությամբ դեմոկրատներ են, ձայների 86 կողմ եւ 11 դեմ հարաբերակցությամբ հավանություն է տվել երկրի պաշտպանանական հատկացումների մասին ակտին: Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ ԱՄՆ ռազմական կարիքների վերաբերյալ փաստաթղթերի ընդունումը եւ նոր բյուջեում ռազմական առաջնահերթությունները հանրապետականների ու դեմոկրատների միւեւ առճակատման պատճառ են դարձել։ Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը, սակայն, բարձր է գնահատել բանավեճը՝ նշելով, որ 98 ուղղումները գրեթե հավասարաչափ հեղինակել են դեմոկրատներն ու հանրապետականները։ 886 միլիարդ դոլար կազմող պաշտպանական բյուջեի մասին օրինագիծը ԱՄՆ ընկերություններին զրկում է արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների ոլորտներում գործող չինական ընկերություններում ներդրումներ կատարելու հնավարությունից։ Փաստաթուղթը նախատեսում է զինվորականների աշխատավարձերի 5,2%-ով բարձրացում եւ ռուսական հարձակումը հետ մղելու նպատակով 300 միլիոն դոլարի հատկացում Ուկրաինային։
Սենատը, սակայն, մերժել է մի քանի առաջարկներ, որոնք նախապես ստացել էին երկու կուսակցությունների աջակցությունը։ Մասնավորապես, հավանություն չի ստացել Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո Միացյալ Նահանգներ տեղափոխված 80 հազար աֆղանցիների՝ ԱՄՆ-ում բնակության թույլտվություն տրամադրելու վերաբերյալ դեմոկրատ Էմի Կլոբուչարի նախաձեռնությունը։ Ձախողվել է նաեւ Ուկրաինային տրամադրվող օգնության հարցերով գլխավոր տեսուչի պաշտոն ստեղծելու հանրապետականների փորձը։ «Ամերիկյան ժողովուրդն արժանի է, որ յուրաքանչյուր դոլարը հաշվվի, եւ այս ուղղումը կուժեղացնի մեր երկարամյա ջանքերը` թափանցիկ վերահսկողություն ապահովել Ուկրաինային ցուցաբերվող ԱՄՆ օգնության բոլոր կողմերի վրա»,- հայտարարել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական անդամ Ջիմ Ռիշը:
Հուլիսի սկզբին Ներկայացուցիչների տունը 219 կողմ եւ 210 դեմ ձայների նվազագույն տարբերությամբ ընդունեց ԱՄՆ պաշտպանական բյուջեի իր տարբերակը: Փաստաթուղթը պարունակում է մի շարք ուշագրավ դրույթներ, օրինակ՝ արգելում է հղիության արհեստական ընդհատման ֆինանսավորումը այն զինվորականների համար, որոնք ցանկանում են դա անել տեղակայման նահանգից դուրս: Օրինագիծը նախատեսում է տրանսգենդեր զինվորականների առողջապահական ծախսերի կրճատում: Այժմ Սենատն ու Ներկայացուցիչների տունը պետք է մշակեն օրնագծի նոր տարբերակ, որն ընդունելի կլինի երկու պալատների համար, ուստի կներկայացվի նախագահ Ջո Բայդենի ստորագրմանը: Մինչեւ սեպտեմբերի կեսը Կոնգրեսի երկու պալատներն արձակուրդի մեջ են: