Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հուլիսի 29-ին ՊՆ փոխնախարարների, զորքերի հրամանատարների ու գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաեւ ռազմական միավորումների հրամանատարների հետ հանդիպման ժամանակ հանձնարարել է ապահովելու Ադրբեջանի օդային տարածքով թռչող օդանավերի անվտանգությունը տեղական եւ արտասահմանյան ավիաընկերությունների մարդատար ինքնաթիռների GPS արբանյակային նավիգացիոն համակարգերի նկատմամբ՝ «վերջին շրջանում իբր հայերի կողմից ռադիոխափանման ավելի հաճախակի կիրառման դեպքերի ֆոնին»։
Հուլիսի 29-ին ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է հուլիսի 28-ի երեկոյան Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ստահոդ հաղորդագրությունը, ըստ որի՝ ՊԲ համապատասխան ստորաբաժանումները հուլիսի 24-27-ն իբր ճնշել են Արցախի օդային տարածքով թռիչքներ կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը: «Ադրբեջանի ՊՆ-ի՝ իրականության հետ որեւէ աղերս չունեցող հայտարարությունը, ըստ երեւույթին, նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղելու Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար աղետից»,-նշվել էր հայտարարության մեջ։
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը դեռեւս չի արձագանքել Ադրբեջանի ռազմական գերատեսչության հայտարարությանը։
Ավելի վաղ, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն, այն նույն րոպեներին, երբ պաշտոնական Ստեփանակերտը ահազանգել է Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում ՀՀ տեղափոխվող քաղաքացու առեւանգման եւ անհայտ ուղղությամբ տեղափոխման մասին, նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որում պնդել է, թե հումանիտար իրավիճակի մասին Հայաստանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։ Բայրամովը, մասնավորապես, գրել է, թե իբր «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ Ադրբեջանը ապահովում է» Ղարաբաղի բնակիչների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։