Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին մեկնաբանել է Ադրբեջանի կողմից արցախցի բուժառուին արգելանքի տակ վերցնելու լուրը։ Ամատունին հայտնել է, որ նման գործողությունների պարագայում, երբ մարդիկ պետք է տեղափոխվեն, իրենք նախապես համաձայնություն են ստանում, որպեսզի հնարավոր լինի ընթացքն ապահով կազմակերպել։
«Սա ներառում է նաեւ տեղափոխվող մարդկանց մասին տեղեկությունների փոխանցում։ Այսօրվա գործողությունն այդ առումով բացառություն չէր եւ նույն կերպ է կատարվել։ Գործողություններ իրականացնելիս այս հանգամանքը միշտ պահպանել ենք, որպեսզի հստակ տվյալներ ներկայացնելով` կարողանանք վստահ լինել, որ ամեն ինչ համաձայնեցված է։ Մինչ օրս նման նախադեպ չենք ունեցել»,– նշել է Ամատունին։
ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը շեշտել է նաեւ, որ ցանկացած խնդրի դեպքում խորհրդապահական երկխոսության միջոցով համապատասխան իշխանությունների հետ իրենք մշտապես կապի մեջ են։ Զառա Ամատունին նշել է, որ իրենք չեն կարող տվյալ պահին ավելի մանրամասն խոսել, թե ինչպես եւ ինչ է տեղի ունենում։