Հավաստի տեղեկություն կա, որ այս օրերին ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության «Հանրային ընդունարանը» հանդիպման է հրավիրում Արցախում հանգամանքների բերումով հայտնված ռուսաստանյան քաղաքացիություն ունեցող հայազգի անձանց։
Առաջարկում են կազմակերպել նրանց էվակուացիան՝ անվտանգ հասցնել Բաքու, իսկ այնտեղից էլ ապահովել ելքը դեպի Ռուսաստանի ցանկացած բնակավայր, որի հետ Ադրբեջանն ունի օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային հաղորդակցություն։
Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր ռուս խաղաղապահները ՌԴ քաղաքացիների էվակուացիան իրականացնում էին Ստեփանակերտ-Գորիս երթուղով։
Վերջին շրջանում ռուս-ադրբեջանական «սիրալիրությունների փոխանակումը», ինչպես իրազեկ աղբյուրներն են ակնարկում, կապված է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին Իլհամ Ալիեւի համաձայնության-անհամաձայնության հետ։ Խոսքը գլոբալ նշանակության ենթակառուցվածքի մասին է, որ Սանկտ Պետերբուրգը պետք է կապի Պարսից ծոցի նավահանգիստներին։ Երկաթուղային հաղորդակցության ամենակարճ եւ նվազ ծախսատար ճանապարհն անցնում է Ադրբեջանով։ Անավարտ է մնում Իրանի տարածքում Ռեշտ-Աստարա հատվածը, որի շուրջ Իրանը եւ Ռուսաստանը համաձայնության են եկել։ Բայց մեգածրագիրը չի գործի, եթե Ադրբեջանը չհամաձայնի լինել տրանզիտային երկիր։
Տրամաբանությունը հուշում է, որ համաձայնության դիմաց Ալիեւը Մոսկվայից «ինչ-որ բան» պիտի ստանա։ Ի՞նչ։ Ռուսաստանը պատերազմի մեջ է, ինքն ունի արդիական սպառազինությունների խիստ կարիք եւ Ադրբեջանին այս առումով ոչինչ առաջարկել չի կարող։ Էներգակիրների տեսանկյունից Բաքուն ինքնաբավ է, ներդրումների աղբյուրների պակաս չկա։ Ադրբեջանը չունի նաեւ արտաքին կոմունիկացիաների խնդիր։
Մոսկվայից Ալիեւի միակ ակնկալիքը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիակատար հսկողության «իրավունքն» է, Հայաստանից Արցախի վերջնական անջատումը։
Դատելով Արցախից ՌԴ քաղաքացիներին Ադրբեջանի տարածքով էվակուացնելու առաջարկից՝ Մոսկվան հակված է ընդունելու Ալիեւի նախապայմանը։
Բաքվի մամուլը գրում է, որ առկա իրավիճակում Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռնափոխադրումների ամենաօպտիմալ երթուղին մեկն է՝ Ռուսաստանից գնացքով բեռները հասցնել Բարդա, իսկ այնտեղից արդեն ավտոտրանսպորտով՝ Ստեփանակերտ։ Սա, ընդ որում, ասվում է այն համատեքստում, որ «ներկայում Հայաստանից ՌԴ խաղաղապահ զորախմբի պարենային եւ այլ մատակարարումները դադարեցված են»։
Հասկացվում է, որ Ալիեւը Մոսկվային առաջարկում է նաեւ խաղաղապահ զորախմբի կարիքները հոգալու համար օգտագործել, պայմանական ասած, Մախաչկալա-Բաքու-Բարդա երկաթուղին։ Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը ռուս խաղաղապահներին է վերապահում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար Ռուսաստանից առաքված ապրանքների՝ Բարդայից Ստեփանակերտ փոխադրումը։
Ստացվում է, որ Լաչինի միջանցքը խանգարում է Ռուսաստան-Իրան ադրբեջանական միջանցքի բացմանը։ Եվ, երեւի, ոչ թե մեր «գեղեցիկ աչքերի», այլ Ռուսաստան-Իրան երկաթուղային հաղորդակցության նախագիծը ձախողելու համար է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Բորելը հուլիսի 26-ին Ադրբեջանի իշխանություններից պահանջել է «ամենամոտ ժամանակում երաշխավորել Լաչինի միջանցքում անվտանգությունը եւ ազատ տեղաշարժը»։ Եվ ավելացրել, որ իրենք ի գիտություն են ընդունել Աղդամով Լեռնային Ղարաբաղ բեռնափոխադրումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը, բայց «դա չպետք է դիտվի որպես Լաչինի միջանցքին այլընտրանք»։
Ալիեւյան քարոզչության «տրիբուն» haqqin.az-ը Բորելին պատասխանել է․ «Դեպի Խանքենդի (Ստեփանակերտ) մի ճանապարհ կա՝ Աղդամով», եւ ակնարկել, որ «Բորելի անսպասելի հայտարարության գաղտնիքը շուտով կպարզվի»։
Սա ակնարկ է, որ Ալիեւը Եվրամիության հետ էներգետիկ համաձայնության «վերանայման ազդակ կհղի» Բրյուսելին։ Բայց խաղադրույքը չափազանց մեծ է․ Ռուսաստան-Իրան-Պարսից ծոց (փաստացի՝ Հնդկաստան) անխոչընդոտ հաղորդակցությունը «ինչ-որ Լաչինի միջանցք» չէ, աշխարհաքաղաքականության վրա լրջագույն ազդեցություն գործելու ներուժով օժտված մեգանախագիծ է, որի իրականության դառնալու դեպքում Եվրամիության եւ հավաքական Արեւմուտքի կորուստների դիմաց ադրբեջանական գազը գրեթե ոչինչ չարժե։
Լաչինի միջանցքի արգելափակման բուն շարժառիթը, կարծես, հասկանալի է դառնում։ Եվ եթե «դեպի Ստեփանակերտ մի ճանապարհ կա՝ Աղդամով» նախագիծը խոսքից իրականություն դառնա, ապա Ադրբեջանը կփակի նաեւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության «անվտանգության եւ իրավունքների» հարցը։
Մեծ է հավանականությունը, որ այդ դեպքում Ալիեւը կհամաձայնի արդեն «իր ձեռքից կերակրվող» ռուս խաղաղապահների՝ ԼՂ-ում ներկայությունը եւս հինգ տարով երկարաձգել։ Դրանով նա իրեն կապահովագրի հնարավոր, շատ հավանական էքսցեսների համար պատասխանատվությունից, հարկ եղած դեպքում էլ խաղաղապահներին հայ բնակչության դեմ կօգտագործի որպես «մահակ»։
Ի՞նչ կձեռնարկի Հայաստանը, եթե վերջնականապես պարզ լինի, որ իրադարձությունները կանխածրագրված են «միջանցքդ միջանցքիս վնաս է» սկզբունքով։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։