Երեւանում համաշխարհային ճանաչում ունեցող ռեպեր Snoop dogg-ի հնարավոր համերգը հակասական զգացումների առիթ է տվել: Օգտատերերից շատերը ռեպերին հաճույքով «շփոթում» են Յութուբում հայհոյանքներով բլոգ վարող Դոգ մականունով տխրահռչակ Վարդան Ղուկասյանի հետ:
Ֆեյսբուքյան օգտատեր Գարեգին Միսկարյանն ակնհայտորեն հեգնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, որն առաջինը «ավետեց» այդ համերգի մասին. «Ճի՞շտ ա, որ Նիկոլի կառավարությունը Դոգին 23 մլն դոլոր ա տվել։ Խայտառակություն»:
Հիմնականում հումորային ստատուսներով հայտնի Ստեփան Մանուկյանը կոնկրետ «տեղեկություններ» ունի, որ «Սնուպ Դոգի համերգի ժամանակ անակնկալ բեմ դուրս կգա իսկական Դոգը»:
«Լուրեր դժոխքից» ֆեյսբուքյան էջը ռեպերի համերգի առիթով բոլորովին նոր տեղեկություններ է քաղել. «Տիտանիկի նավապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ օ՛Հարան ուրախությամբ հայտնել է, որ զբոսանավի անձնակազմի հուժկու ջանքերի շնորհիվ նավի ռեստորանում տեղի կունենա լարային քառյակի համերգ»:
Լրագրող Սյուզան Սիմոնյանը կատակելու տրամադրություն չունի: Նա գիտի, որ Snoop dogg-ը մի քանի լումայի համար հաստատ Հայաստան չի գա, հետեւաբար մեր կառավարությունը լուրջ փողեր է խոստացել նրան: Լրագրողը կոչ է անում. «Փող չտալ ոչ մի ավելորդ բանի, բոլորը ուղղել բանակին, զինվել մինչեւ ատամները, փակել օդը, գնել հարյուրավոր բեսպիլոտնիկներ, հեռահար զինատեսակներ, ու չկորցնել ոչ մի վայրկյան»:
Ֆեյսբուքյան օգտատեր Մհեր Կոսյանը #սիրենք_մեր_չորքոտանի_բարեկամներին հեշթեգով իրադարձությունները վերադարձնում է դեպի երկու Դոգերի միաձուլում. «Այլեւս ոչ թե դոգ, այլ snoop դոգ»:
Պատմաբան Գոռ Մադոյանը հրաշալի գիտի, թե Հայաստանում ինչ «քյար» կարելի է ստանալ հայտնի ռեպերի այցելությունից. «Սնուփ Դոգը Արմավիրի մարզի Վերին Ուռչո գյուղում կմասնակցի սուբվենցիոն ծրագրերով հիմնված, կաթիլային համակարգով աշխատող խելացի կանեփի առաջին արտի բացմանը»: