Եվրամիությունում ԱՄՆ նախկին դեսպան Ստյուարտ Էյզենշտադը Financial Times-ում հրապարակված հոդվածում առաջարկել է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ ստեղծել ՆԱՏՕ-ի ոճով այլընտրանքային դաշինք՝ նոր մարտահրավերների դեմ պայքարելու համար: «21-րդ դարի խնդիրները լուծելու համար ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ ՆԱՏՕ-ի հետ համեմատելի նոր անդրատլանտյան կառույց է պետք… Մենք բախվում ենք խնդիրների, որոնք դուրս են ՆԱՏՕ-ի մանդատից»,- գրել է նախկին դեսպանը:
Ժամանակակից մարտահրավերների շարքում նախկին դիվանագետը նշում է Չինաստանի սրընթաց վերելքը, կլիմայի փոփոխության ահագնացող սպառնալիքը, մատակարարման շղթաների պաշտպանությունը, արհեստական բանականությունը, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքները եւ Ուկրաինայի վերականգնումը։ «Այս ամենը պահանջում է ավելի քան երբեւէ սերտ համագործակցություն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ»,- գրում է Էյզենշտադը։
Ըստ Politico պարբերականի՝ ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերին։