Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի հրապարակած զեկույցում ասվում է, որ այս տարվա առաջին յոթ ամիսներին Ադրբեջանում 44 զինվորական է սպանվել, մեծ մասը՝ ոչ մարտական պայմաններում։
«Ազատությունը» գրում է, որ ադրբեջանական ոչ կառավարական այդ կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն՝ 9 զինծառայող սպանվել է ռազմական գործողությունների ընթացքում, 2-ը՝ ականի պայթյունի հետեւանքով, մյուս 39 զինծառայողները զոհվել են ոչ մարտական պայմաններում, այդ թվում՝ 4-ը՝ «դժբախտ պատահարի», 7-ը՝ «հիվանդության հետեւանքով»։ Սպանություններից մի քանիսը որակվել են որպես դժբախտ պատահար, անզգուշություն, մեծ մասի՝ 17 զինծառայողի մահվան դեպքում իրավապահները որպես պատճառ նշում են «ինքնասպանությունը»։
Կազմակերպությունը նշում է, որ 12 զինծառայող «ինքնասպան է եղել Հայաստանի հետ զինված հակամարտության գոտում»՝ փաստելով նաեւ, որ նրանց թիվը կտրուկ աճել է վերջին շրջանում։
Ըստ զեկույցում հրապարակված տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերում 2003 թվականից մինչ օրս զոհվել է 4 հազար 463 զինծառայող․ 3 հազար 582-ը՝ մարտական, 881-ը՝ ոչ մարտական պայմաններում։
Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Ջեսուր Սումերինլին «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում հայտարարել էր, որ խաղաղ պայմաններում ադրբեջանցի զինվորականների մահվան հիմնական պատճառը համարում է կոռուպցիան։
«Ոչ մարտական կորուստների թիվը ոչ թե նվազում է, այլ ավելանում՝ չնայած Ադրբեջանի պաշտպանական բյուջեի ավելացմանը։ Իրականում հույս կար, որ զինված ուժերում բարոյահոգեբանական վիճակը եւ կարգապահությունը հավուր պատշաճի կլինեն, բայց տեսնում ենք հակառակը։ Թվերը խոսում են այն մասին, որ ռազմական բյուջեի ավելացումը մեծ ազդեցություն չի ունեցել զինված ուժերում կադրային կարգապահության վրա»,- ասել է Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի ղեկավարը։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Ադրբեջանի ռազմական եւ այլ պետական գերատեսչություններ հաճախ թաքցնում են զինվորների մահվան դեպքերը, չեն ներկայացնում նաեւ պաշտոնական վիճակագրություն։