Պակիստանում իսլամիստական կուսակցության կազմակերպած հանրահավաքի ժամանակ պայթյունի հետեւանքով առնվազն 44 մարդ է զոհվել։ Ավելի քան 100 մարդ վիրավորվել է։ BBC-ն գրում է՝ պայթյունը տեղի է ունեցել երկրի հյուսիսարեւմտյան Բաջաուրի շրջանում։ Ոստիկանությունը հայտնել է, որ պայթյունն, ամենայն հավանականությամբ, իրագործել է մահապարտ ահաբեկիչը։
Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, սակայն, ըստ իշխանությունների, զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ 15 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է։
Հարձակման շարժառիթն առայժմ հայտնի չէ։ Անվտանգության ուժերը շղթայել են տարածքը։ Կատարվում է հետաքննություն։
«Ջամիաթ Ուլեմա-է-իսլամ-ֆազլ» խոշոր կրոնական քաղաքական կուսակցությունը, որի հանրահավաքի ժամանակ տեղի է ունեցել պայթյունը, Պակիստանի խորհրդարանում իշխող կոալիցիայի մաս է կազմում։