Ըստ Ռուսաստանի նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի զեկույցի՝ Ռուսաստանում երեխաների շրջանում ինքնասպանության փորձերի թվի աճ է նկատվում: Եզրակացությունն արվել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի ոչ պաշտոնական վիճակագրության հիման վրա։
Լվովա-Բելովան նշել է, որ միեւնույն ժամանակ Ռուսաստանում մեկ տարվա ընթացքում նվազել է երեխաների շրջանում ինքնասպանությունների թիվը։ ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ 2022-ին գրանցվել է երեխաների ինքնասպանություն 679, 2021-ին՝ 753, 2020-ին՝ 548 դեպք։ Զեկույցում բերված են նաեւ ՌԴ պետական վիճակագրական գերատեսչության՝ Росстата-ի տվյալները, որոնք, սակայն, տարբերվում են ՌԴ ՔԿ-ի հրապարակած ցուցանիշներից։ Մասնավորապես, ըստ Росстат-ի, 2021-ին գերատեսչության մասնագետները Ռուսաստանում գրանցել են երեխաների ինքնասպանության 372, 2020-ին՝ 311 դեպք։
«Կանխարգելման որոշ ծառայություններ հաճախ բյուրոկրատական քաշքշուկ ստեղծում եւ առանձնապես չեն շտապում արձագանքել ուսումնական հաստատություններում երեխաների դեպրեսիվ վարքագծի արտառոց դրսեւորումներին»,- հավելել է Լվովա-Բելովան իր զեկույցում։
Հաագայի Միջազգային քրեական դատարանը դեռ մարտի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեկտեղ ձերբակալման միջազգային կարգադրություններ է տվել նաեւ ՌԴ նախագահին առընթեր Երեխաների իրավունքների հարցով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ։ Միջազգային քրեական դատարանը պարզաբանել է, որ Պուտինն ու Լվովա-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների բռնագաղթի մեջ․ 2022-ի հոկտեմբերին Մարիա Լվովա-Բելովան Պուտինին զեկուցել է, որ որդեգրել է Մարիուպոլից ՌԴ տեղափոխված երեխայի։ Նա հավելել է, որ հոկտեմբերի դրությամբ Ուկրաինայի սոցիալական հաստատություններից շուրջ 2000 որբ երեխա է տեղափոխվել ՌԴ։ Եվս 350 դոնբասցի որբ երեխայի «տեղավորել» են ՌԴ 16 մարզերի ընտանիքներում, որոնք նրանց որդեգրել են։ ՄԱԿ-ի քննչական հանձնաժողովը հայտարարել է, որ ուկրաինացի երեխաներին Ռուսաստանի տարածք տեղափոխելը կարող է պատերազմական հանցագործություն համարվել: