Հուլիսի 29-ին «Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակում Օձունի եկեղեցու բակում անցկացվել է «Վարդավառ» միջոցառումը։ Կազմակերպիչը Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունն է։
Միջոցառմանը ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, այլ հյուրեր։
Գուգարաց թեմի առաջնորդի՝ Վարդավառի խորհրդի մասին խոսքից եւ օրհնությունից հետո տոնակատարությունը մեկնարկել է։ Մասնակցել են մարզի տարբեր համայնքների գեղարվեստական խմբեր եւ կատարողներ։
Մարզպետի տեղակալը նման միջոցառումների անցկացումը կարեւորել է ոչ միայն հայկական ազգային ավանդույթների պահպանման, այլեւ մարզում զբոսաշրջային հոսքեր ներգրավելու տեսանկյունից։ Տոնակատարությունն ավարտվել է շուրջպարով եւ ջրախաղով, որը արգասաբերության, պարզության, մաքրագործման խորհուրդ ունի: Միջոցառման ավարտին մատաղ է մատուցվել։