Երկու օրում երկու սենսացիոն իրադարձություն տեղի ունեցավ․ Հակարի կամրջի մոտ ադրբեջանցիները ձերբակալեցին եւ Բաքու տարան ղարաբաղցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, իսկ Հայաստանում ձերբակալվեցին մշակույթի նախկին նախարար Արմեն Սմբատյանն ու նրա դիրիժոր որդին, որոնք, ըստ մեղադրանքի, «կասկածվում են պետությանը 966 մլն դրամի գույքային վնաս պատճառելու մեջ»:
Հավանաբար նկատի ունենալով, թե ում քթի տակից ադրբեջանցիները տարան Վագիֆ Խաչատրյանին՝ Գարեգին Միսկարյանը հեգնում է. «Ախ, Զորի Բալայան, մի հատ գլուխդ բարձրացրու, տե՛ս՝ ինչ է կատարվում»:
Լրագրող Կորյուն Սաղաթելյանն այս ամենից հետեւյալ եզրակացությանն է հանգել, որ այսպես շարունակվելու դեպքում «ԱԺ-ում սեպտեմբերի աշխատավարձը կստանան մանաթով»:
Ֆեյսբուքյան օգտատեր Քրիստինե Բարսեղյանի տրամադրություններն ապոկալիպտիկ են. «Ու մենք դիմանում ենք, ու էս ամեն ինչը՝ մեր օրերում, մեր հետ, մեր աչքի առաջ։ Ադրբեջանական մամլիչ մեքենան այս դեպքով ցույց է տալիս, թե ինչ է լինելու Արցախի տղամարդկանց հետ»:
Միքայել Ոսկանյանի եզրակացությունը մեկն է. «Արցախը եւ արցախահայությանը նվիրել են ադրբեջանին եւ «տոնում են» միլիոնանոց սնուփդոգյան համերգով»:
Սմբատյանների ձերբակալությունը հեռուստամեկնաբան Էրիկ Անթառանյանը նույնիսկ «դեբիլություն» չի համարում, այլ «նպատակաուղղված պայքար մշակույթի դեմ»: «Մեկը կար՝ մի օր ասել էր, թե «էս ինչ խաբար ա, 15 ջութակահար կա նվագախմբում պետության հաշվին, մեկը հերիք չի՞», ու, ա՛յ, էս արտահայտությունը թույլ տված մարդն այսօր ազատության մեջ է, իսկ Սերգեյին իրավաբանության մեջ որպես ծայրահեղ միջոց` կալանքն օգտագործելով պահում են անազատության մեջ»,- շարունակում է հեռուստամեկնաբանը:
Մանուկ Նիգոյանը հակադարձում է նրան. «Ստացվում է, որ դուք, մենք հավաքականորեն, տարիներ շարունակ պահանջել ենք հավասար իրավունքներ, օրենքի լիակատար գերակայություն ու հիմա պահանջում ենք բացառություն միայն այն հիմնավորմամբ, որ մեղադրյալն ունի մարդկային կամ համամարդկային առանձնահատկություններ»: