Արդեն հայտնի է, որ Մոսկվայում հուլիսի 21-ին ձերբակալվել է «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» նախկին դաշտային հրամանատար Իգոր Ստրելկովը (Գիրկին), որին սպառնում է 5 տարվա ազատազրկում:
Պաշտոնապես նրան ձերբակալել են վագներական Դմիտրի Պետրովսկու «դանոսի» հիման վրա, ըստ որի՝ Ստրելկովը մսխել է ռազմի դաշտի համար նախատեսված փողերը: «Վերջին կաթիլը դարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին նրա խոսքերը: Համոզված եմ, որ երկրի առաջին դեմքի հասցեին վիրավորանքը հանցագործություն է»,- հայտարարել է ինքը՝ Պետրովսկին:
Ստրելկովը Պուտինի մասին
«23 տարի պետության գլխին նստած է ոչնչություն: Պետությունը չի դիմանա եւս 6 տարի այդ վախկոտ անընդունակի ներկայությանը իշխանության գլխին»:
«Լռի՛ր, Վլադիմիր Վլադիմիրովիչ: Լռի՛ր ուղղակի: Եվ մեզ համար քո պատճառով ամոթ չի լինի, որ պետության գլխին այդպիսի նախագահ է, եւ թշնամու առաջ ամոթ չի լինի»:
«Պուտինն արդեն կորցրել է բանակը: Բանակը նրա դեմ դուրս չի գալիս միայն այն պատճառով, որ Ռուսաստանն է պաշտպանում, որին նա այդքան պինդ կլպում է իր «հիասքանչ» ու խելքը կորցրած շրջապատով»:
«Շատ խոսակցություններ, նվազագույն անելիք եւ բացարձակ անպատասխանատվություն ձախողումների համար. սա «ուշ Պուտինի» ոճն է (2014 թվականից): Եվ նաեւ՝ կատաղի պարծենկոտ սուտ:
Պրիգոժինի մասին
«Ես չեմ կարծում, թե «վագների» բոլոր հրամանատարներն ու մարտիկներն արժանի են գնդակահարության: Բայց «խոհարարի» վրա գցել ապստամբության մեղքը եւ մեր սպաների սպանությունը անհրաժեշտություն է Ռուսաստանի՝ որպես պետության կենսունակության համար»:
«Նրանք, ովքեր մնացել են դավաճան ու սրիկա Պրիգոժինի հրամանատարության ներքո, ՀԻՄԱ (ապստամբությունից ու մեր սպաների սպանությունից հետո, ինչպես նաեւ այդ ստահակի դավաճանական արտահայտություններից հետո), ըստ էության, այդպիսի դավաճաններ են»: Քանի որ նրանք պատրաստ էին սպանելու ում ասես ու որտեղ ասես հենց նրանց հրամանով, ովքեր վճարում էին»:
«Զուտ հետաքրքիր է. եթե հանկարծ պարզվեր, որ երիտասարդ տարիներին ես համագործակցել եմ MMM-ի (Մավրոդիի հայտնի ֆինանսական բուրգը-խմբ․) հետ կամ (առավել եւս) երկու անգամ դատապարտվել եմ քրեական հոդվածներով (ինչպես Պրիգոժինը) խարդախության, կողոպուտի եւ անչափահասների կավատության համար, հիմա ինձ կմեղադրե՞ն կամ «պայծառ աչքերով» կհայտարարե՞ն, որ «հարգված մարդուն վաղեմի արարքների համար նախատելը լավ բան չէ, եւ դրանից վատ հոտ է գալիս»։
Ստրելկովի կենսագրությունից
Իգոր Վսեւոլոդի Ստրելկովը ծնվել է 1970-ի դեկտեմբերի 17-ին Մոսկվայում՝ զինվորականի ընտանիքում: 1990-ականներին կամավոր մասնակցել է Բոսնիայի եւ Մերձդնեստրի մարտական գործողություններին: 1995-ին կռվել է Չեչնիայում:
2014-ին Ուկրաինայի հարավում տեղի ունեցած մարտերի հիմնական մասնակիցներից է: Իր խոսքերով` հենց ինքն է ուկրաինական պատերազմի իրական նախաձեռնողը:
«Ես եմ սեղմել պատերազմի ձգանը։ Եթե մեր ջոկատը չհատեր սահմանը, ի վերջո ամեն ինչ կավարտվեր, ինչպես Խարկովում, այնպես էլ Օդեսայում։ Կլինեին մի քանի տասնյակ սպանված, այրված, ձերբակալված մարդիկ։ Այդքանով ամեն ինչ կավարտվեր»,- ասել է Ստրելկովը «Завтра» թերթին տված հարցազրույցում:
2014-ի մայիսի 16-ից մինչեւ օգոստոսի 14-ը եղել է ԴԺՀ-ի պաշտպանության նախարարը: Հաագայի դատարանը 2022-ին Իգոր Ստրելկովին հեռակա դատապարտել է ցմահ բանտարկության «Մալայզիական ավիաուղիների» Boeing 777 քաղաքացիական ինքնաթիռը խոցելու համար: