Արցախի ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են Արցախի Հանրապետության քաղաքացիների մեջ խուճապ տարածել։
«Վերջին օրերին Ադրբեջանի հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հերթական տեղեկատվական գրոհն են սկսել Արցախի Հանրապետության բնակչության հանդեպ։ Հայերեն գրառումներով փորձում են «քաղաքացիության», «բարձր աշխատավարձի», «իրավունքների պաշտպանվածության» վերաբերյալ կեղծ թեզերով ու խոստումներով հոգեբանական ճնշում գործադրել եւ խուճապ տարածել բնակչության մեջ»,- նշված է հայտարարության մեջ:
Ըստ Արցախի ԱԱԾ-ի՝ մեկ այլ հրապարակումով ադրբեջանական օգտատերերը տարածել են պատերազմին ենթադրաբար մասնակցած՝ Արցախի բնակիչների ցանկ՝ կեղծ մեղադրանքներով: Արցախի ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում չարձագանքելու նման գրառումների, չհրապարակելու Արցախի քաղաքացիների անձնական տվյալներ, չտրվելու կեղծ լուրերի, պահպանելու սառնասրտություն եւ հետեւելու պաշտոնական լրահոսին։ Խորհուրդ է տրվում կասկածելի բնույթի գրառումների հանդիպելու դեպքում անհապաղ դիմել Արցախի ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարել թեժ գծի՝ 047-94-41-26 եւ 41-26 հեռախոսահամարներին: