Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին կոչ է արել փաստահավաք առաքելություն ուղարկել՝ գնահատելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որում հայտնվել են այնտեղ բնակվող հայերն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետեւանքով։ «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետագա սրումը՝ հիշեցնում եմ Վեհաժողովի՝ Նախարարների կոմիտեին ուղղված հունիսի 20-ի կոչը՝ որքան հնարավոր է շուտ փաստահավաք առաքելություն ուղարկել Ադրբեջան՝ գնահատելու համար իրավիճակը, որում հայտնվել են հայերը 2022-ի դեկտեմբերից Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ տեղաշարժի հասանելիություն չունենալու հետեւանքով։
Ես միանում եմ երկխոսության կոչին, որը հղել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը 2023-ի հուլիսի 28-ին, եւ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ եմ անում, որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ, վերջապես կատարել 1991 թվականին ստանձնած իրենց փոխադարձ պարտավորությունները՝ լարվածությունը նվազեցնելու եւ խաղաղությունը վերականգնելու համար»,- հայտարարել է Քոքսը։
Հուլիսի 30-ին էլ , ըստ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ խոր մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առեւտրային, հումանիտար եւ մասնավոր մեքենաների ազատ տարանցման հրատապ անհրաժեշտությունը եւ այլընտրանքային ուղիների հարցում փոխզիջման անհրաժեշտությունը, որպեսզի մարդասիրական մատակարարումները կարողանան հասնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Պետքարտուղարն իր թվիթերյան գրառման մեջ ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է դրական մղում պահպանեն խաղաղ բանակցություններում:
Ուշագնացության դեպքեր սննդի համար հերթերում. Արցախի ՄԻՊ
Ավելի ուշ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ շարունակվող շրջափակման հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում հազարավոր քաղաքացիներ նվազագույն քանակի սնունդ կամ առաջին անհրաժեշտության ապրանք ռւ սնունդ ձեռք բերելու համար ստիպված են ժամերով հերթ կանգնել: Պաշտպանն ահազանգել է, որ Արցախում բազմամարդ հերթերում հաճախակի գրանցվում են ուշագնացության դեպքեր, որոնց հիմնական պատճառը բնակիչների հոգեկան գերլարված իրավիճակն է, թերսնուցման պայմաններում իմունային համակարգի խոցելիությունն ու շոգ եղանակային պայմանները:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուշագնացության դեպքերը գնալով աճում են: Սա անհերքելիորեն փաստում է, որ հումանիտար ծանրագույն իրավիճակն անմիջականորեն իր աղետալի հետեւանքներն է ունենում հանրային առողջության վրա՝ վտանգի տակ դնելով հազարավոր մարդկանց կյանքեր»,- ասվում է Արցախի ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում: