Երեխաները նախընտրում են այնպիսի սնունդ, որը համեղ է։ Որպեսզի երեխան մանկուց առողջ սնվի, հարկավոր է նրան բացատրել՝ ինչ են առողջությունը եւ առողջ սնունդը։ Նա պետք է հասկանա, թե այս կամ այն սննդատեսակն ինչպես է ազդում մարդու օրգանիզմի վրա, եւ առողջ սնվելու կարեւորությունը։ Նրա հետ զրուցելուց առաջ կարելի է համապատասխան գրականություն ուսումնասիրել, որպեսզի ավելի շատ տեղեկացված լինեք։
Հարկավոր է երեխային ոչ թե վախեցնել, այլ ոգեւորել, այսինքն՝ չպետք է ասել՝ քաղցրավենիք մի՛ կեր, քանի որ կգիրանաս, այլ պետք է ասել՝ ավելի շատ կաթնամթերք կե՛ր, որպեսզի ամուր եղունգներ ու գեղեցիկ վարսեր ունենաս։
Հարկավոր է երեխայի սիրած անառողջ սնունդը այլընտրանքային սննդատեսակով փոխարինել, օրինակ՝ կոնֆետի փոխարեն դոնդող առաջարկել, քաղցրավենիքի փոխարեն՝ կաթնային յոգուրտ կամ բնական հյութ։ Երեխայի հետ կարելի է ուտեստներ պատրաստել․ նա կսովորի նախ պատրաստել առողջ սնունդ, հետո վայելել այն։ Սնունդը «գրավիչ» դարձնելու համար հետաքրքիր դիզա՛յն մտածեք, որպեսզի նա հաճույքով ուտի այն։