Ըստ Ալիք մեդիա Վրաստանի՝ 2023-ի հունիսին Վրաստանը միջազգային զբոսաշրջությունից ստացել է 395,1 միլիոն դոլար, ինչը 31 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ եւ 16 տոկոսով գերազանցում է նախահամավարակային ժամանակահատվածը։ Վրաստանի ազգային բանկի տվյալներով` 2023-ի երկրորդ եռամսյակում Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է ավելի քան մեկ միլիարդ դոլարի եկամուտ, ինչը 260 միլիոն դոլարով՝ 27 տոկոսով, ավելի է 2022 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներից։ Երկրորդ եռամսյակի եկամուտը 15 տոկոսով գերազանցում է նախահամավարակային շրջանի եկամուտը։
Երկրների եկամուտների առումով՝ հունիսի եկամուտով առաջատարը Ռուսաստանն է, որի քաղաքացիների ծախսերը եղել են գրեթե 76 միլիոն դոլար: Երկրորդ տեղը զբաղեցնում է Թուրքիան՝ գրեթե 71 միլիոն, երրորդը ԵՄ երկրներն են՝ մոտ 54 միլիոն, չորրորդն Իսրայելն է՝ 32,2 միլիոն, հինգերորդն Ուկրաինան է՝ գրեթե 15 միլիոն դոլարով։ 6-րդ տեղում Հայաստանն է՝ 13,8 միլիոն դոլար, 7-րդն Իրանն է` 12,9 դոլար, 8-րդ տեղում Ադրբեջանն է՝ 12,2 միլիոն դոլար, 9-րդ տեղում Բելառուսն է՝ 9,9 միլիոն դոլար, 10-րդ տեղում Սաուդյան Արաբիան է` 8,6 միլիոն դոլար։
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ ազատազրկված Միխեիլ Սաակաշվիլին, անդրադառնալով հուլիսի 31-ին Ռուսաստանի Սոչի քաղաքից Վրաստանի Բաթումի նավահանգիստ նավարկած ASTORIA GRANDE զբոսանավի զբոսաշրջիկների եւ երաժիշտների մասնակցությամբ միջադեպին, նշել է, որ ժամանակին զբոսաշրջությունը տոն էր, հիմա զբոսաշրջությունը ֆաշիզմ է: «Նախկինում Բոչելին, Սթինգը, Խուլիո եւ Էնրիկե Իգլեսիասներն էին, այժմ՝ Դիմա Կալդունը, Սափոնովը, Տրիփոնովը եւ այլք»,-եզրափակել է Սաակաշվիլին։