«Ուկրաինսկայա պրավդա» պարբերականը հայտնել է, որ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում ապամոնտաժել են աշխարհի 5-րդ ամենաբարձր արձանի՝ ավելի քան 100 մետր բարձրություն ունեցող «Մայր հայրենիք» հուշարձանին ամրացված ԽՍՀՄ զինանշանը։ ԽՍՀՄ զինանշանի փոխարեն տեղադրվելու է Ուկրաինայի զինանշանը։ Աշխատանքները, որոնք սկսվել են հուլիսի 30–ին, նախատեսում են ավարտել օգոստոսի 24-ին` Ուկրաինայի անկախության օրը: Հուշարձանը կվերանվանվի «Մայր Ուկրաինա»:
Ուկրաինայի մշակույթի նախարարԱլեքսանդր Տկաչենկոն հայտնել էր, որ 2022-ի հուլիսին անցկացված սոցհարցման մասնակից 780 հազար մարդկանց 85%-ը քվեարկել է «Մայր Հայրենիքի» վահանի վրայից ԽՍՀՄ զինանշանը ուկրաինական եռաժանիով փոխարինելու օգտին։ Հունիսի վերջին Պետական լեզվի ստանդարտների ազգային հանձնաժողովն «ապառուսիֆիկացման» շրջանակում խորհուրդ է տվել վերանվանել երկրի ավելի քան 1400 տեղանուն։ Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էլ հայտնել է, որ հունիսի վերջին Ուկրաինայի մայրաքաղաքում վերանվանվել է 316 քաղաքային օբյեկտ:
Ուկրաինայում աշխարհագրական օբյեկտների վերանվանումը եւ խորհրդային ու ռուսական հուշարձանների դեմ պայքարը սկսվել է 2015-ին «Ապագաղութացման մասին» օրենքի ընդունումից հետո։ 2022-ի սկզբին Ուկրաինայում քանդվել է ավելի քան 2,5 հազար հուշարձան, փոխվել ավելի քան 900 բնակավայրերի եւ մոտ 50 հազար փողոցների անունները։ Ուկրաինայի մշակույթի նախարարությունից հայտնել են, որ փոխվել է 9859 աշխարհագրական անուն, եւ ապամոնտաժվել է Ռուսաստանին առնչվող 145 հուշարձան: