Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը, ըստ վրացի փորձագետների, Վրաստանին կզրկի տարանցիկ երկրի «գլխավոր» դերից:
Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա Վրաստանի»-ի հետ զրույցում ասել է․ «Հաշվի առնելով, որ բեռը դուրս է գալու Ռուսաստանից, անցնելու է Ադրբեջանով եւ Հայաստանի Սյունիքի մարզով դեպի Նախիջեւան եւ հասնելու է, օրինակ, Թուրքիա, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է այդ դեպքում բեռները մտնեն Վրաստան»:
Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով վրացի հետազոտող Գիորգի Բիլանիշվիլին համակարծիք է Զաքարեիշվիլիի հետ: Ըստ նրա՝ աշխարհագրորեն անհնար է պատկերացնել, որ Ադրբեջանից դուրս եկած բեռը, մտնելով Հայաստան ու Նախիջեւան, կարիք ունենա օգտվելու Վրաստանի նավահանգիստներից:
«Ադրբեջանի հայտարարությունները, թե հնարավոր կլինի այս ապաշրջափակման ժամանակ նաեւ օգտագործել վրաստանյան նավահանգիստները, բացարձակ անհասկանալի են: Բնականաբար այս ապաշրջափակումից Վրաստանը կտուժի, բայց թե որքանով, վաղ է ասել»,- «Ալիք Մեդիա Վրաստանին»-ին ասել է Բիլանիշվիլին: