Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը հրապարակել է քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածների անունների թարմացված ցանկը։ Իրավապաշտպան կառույցի նախորդ ցանկը հրապարակվել էր ապրիլի 20-ին, որում ներառված էր 182 մարդ։ Վերջին երեք ամսվա ընթացքում Ադրբեջանում 34 մարդ է ձերբակալվել։ Նույն ժամանակահատվածում ազատ են արձակվել նախկին ցուցակից 12 քաղբանտարկյալներ։ Ներկայում երկրում կա 204 քաղբանտարկյալ։ Ցուցակում մնացած նոր անունները թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով ապրիլ-հուլիսին ձերբակալված հավատացյալներ են։ Հավատացյալ քաղբանտարկյալների ընդհանուր թիվը հասել է 147-ի։
204 քաղբանտարկյալներ բաժանված են յոթ խմբի. առաջինը լրագրողներ եւ բլոգերներ են։ Թերթերի գործով ցուցակներում մնացել է 7, իսկ Գյանջայի գործով՝ 22 մարդ։ Եվս 11 քաղբանտարկյալներ ցմահ ազատազրկված են։
Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի ծննդյան 100-ամյակի նախօրեին Իլհամ Ալիեւի ստորագրած ներման հրամանը վերաբերում է ավելի քան 800 մարդու։ Վերջիններս ձերբակալվել են 1995-ի մարտին Ադրբեջանի ոստիկանության հատուկ նշանակության ուժերի խռովությանը մասնակցելու համար։ Այդ խռովության եւ այլ հանցագործությունների գործով շատերը դատապարտվել են մահապատժի։ Մահապատժի վերացումից հետո խորհրդարանի որոշմամբ դրանք փոխարինվել են ցմահ ազատազրկման, թեեւ ձերբակալման պահին մահապատժի այլընտրանքը 15 տարվա ազատազրկումն էր։ Ըստ իրավապաշտպանների՝ քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի, այդ մարդիկ պետք է ազատ արձակվեին։