Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը հայտնել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալու Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը, կազմակերպությունը սպասում է Երեւանի պատասխանին։
Ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ ՀԱՊԿ կազմավորող պետությունները երբեք չեն ինքնահեռացվել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերից եւ բազմիցս վերահաստատել են կոնկրետ լուծումներ գտնելու իրենց պատրաստակամությունը։ «Առաջվա պես ակնկալում ենք Երեւանի կողմից դրական արձագանք եւ պատրաստ ենք վերսկսելու առարկայական աշխատանքը Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ծավալելու առաջարկի, ինչպես նաեւ մեր դաշնակցին օգնության այլ համատեղ միջոցների շուրջ»,- ասել է դիվանագետը։
Մոսկվայում համոզված են, որ համապատասխան որոշումների ընդունումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային իրավիճակի վրա, ՌԴ ԱԳՆ-ն պատրաստ է կառուցողական աշխատանքի: Նա նշել է նաեւ, որ ՀԱՊԿ-ը, ինչպես ցանկացած այլ միջազգային կազմակերպություն, «կախարդական փայտիկ չէ, որի միջոցով ցանկացած խնդիր լուծվում է»։
Ապրիլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երեւանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու: Մինչ այդ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել էր, որ Երեւանը չի հրաժարվել հանրապետության սահմաններին ՀԱՊԿ առաքելությունից: Ընդ որում՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը «որոշակի խնդիրներ» է ստեղծում Երեւանի համար, սակայն դրանք չեն սահմանափակում համագործակցությունն այլ երկրների հետ: