ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի` ՌԴ բանակցային ակտիվությունը որոշակիորեն նվազել է ոչ թե որ ՌԴ-ն արդեն չի ուզում, այլ որովհետեւ Ուկրաինայի իրադարձություններով պայմանավորված ամբողջ էներգիան ու ժամանակը, որ կարող էին ներդնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, հիմա չունի։ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը շարունակում է շահագրգռված լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման հարցում։ Ավելին` խոսակցությունները, թե ՌԴ ռազմական հատուկ գործողության ֆոնին արտաքին քաղաքականության ինչ-որ ուղղություններ Մոսկվայի համար պակաս առաջնային են դարձել, փաստական հիմքեր չունեն։ «Ռուսաստանն ամեն ինչ անում է տարածաշրջանում կայուն խաղաղության եւ համաձայնության հասնելու համար, եւ դա լիովին վերաբերում է Հարավային Կովկասին»,- ասաց Զախարովան:
ՌԴ ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ ակտիվության նվազման մասին խոսք լինել չի կարող, որի վկայությունը վերջին ամիսներին Ռուսաստանի մասնակցությամբ բարձր ու բարձրագույն մակարդակով շփումների մի ամբողջ շարքն է։ Զախարովան թվարկել է դրանք․ մայիսի 25-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, հունիսի 2-ին՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը, մայիսի 19-ին եւ հուլիսի 25-ին՝ արտգործնախարարների եռակողմ բանակցությունները։
«Սա տեմպերի նվազո՞ւմ է։ Պետք է ուղիղ նայել ճշմարտության աչքերին․.. Դրանք հավանաբար գնահատական տվող դատողություններ են, անձնական կարծիքներ, գուցե հույզ, բայց փաստերին արժե ուշադրություն դարձնել: Տրամաբանությունը անհասկանալի է, տպավորություն է ստեղծվում, որ մինչեւ 2022 թվականը Հայաստանի ղեկավարության տեսանկյունից այդ ուղղությամբ ամեն ինչ եղել է առանց խոչընդոտների»,– ընդգծել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։