Ֆեյսբուքի այսօրվա հոսքում «Հետքի» բացահայտած հնարավոր կոռուպցիոն դեպքն է շրջանառվում. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն ավազի արդյունահանման բիզնես է սկսել:
Լրագրող Տիրայր Մուրադյանն անմիջապես հեգնում է, թե ինչպես է վարչապետի սերը օգնում հենց իր կողմնակիցներին. «Սիրում են բոլորիդ, հպարտանում բոլորովդ»:
Օգտատեր Մարինա Աթայանը հեգնելու հավես չունի. «Խաբեբա, սրիկաները փողոցից հայտնվեցին իշխանական աթոռներին եւ չտեսները սկսեցին ավելի սարսափելի թալանը»:
Անդրանիկ Հունանյանը թեժացնում է դժգոհության կրակը. «Քայլ արա, գռփի երկրից»:
Իսկ Կոնստանտին Խաչատրյանը հրաշալի գիտի, թե ինչ դերաբաշխում է եղել թավշյա հեղափոխության սիրո թատրոնում. «Նորերը խաղում են հին դերեր»:
Նույն ժամանակ ղարաբաղցի Ռուզաննա Թադեւոսյանը պատմում է այս առավոտ Ստեփանակերտում արձանագրված մի դեպք. «Առավոտյան 5:30 երեխայիս կերակրելիս լսեցի կրակոցներ, վախեցած արթնացրի ամուսնուս՝ թուրքը կրակում է… Ժամեր անց պարզ դարձավ, որ այս անգամ փառք Աստծո թուրքը չէր: Տղամարդը անսթափ վիճակում հասել էր հրապարակ եւ հրացանով կրակ բացել. «Հաց տվեք տանիմ խոխաս օտե»»:
Օգտատեր Անուշ Միքայելյանը եզրակացնում է. «Անտեր ենք, մեր պետությունը ի վիճակի չի մեզ պաշտպանի»:
Կինոգետ Կարեն Ավետիսյանն իր էջում Ղարաբաղին սպառնացող սովից ելք է առաջարկում՝ համապետական հացադուլ. «Համապետական կամ համազգային հացադուլ պատմությունը կարծես թե դեռ չի տեսել, իսկ սա այն դեպքն ա, երբ ծայրահեղ աննախադեպ մեթոդներ են պետք համաշխարհային օրակարգը ճեղքելու համար»:
Օգտատերերից ոմանք ասում են՝ հանճարեղ է: Անի Դոլմազյանին նույնպես այս գաղափարը հաճելի է. «Ու հատկապես որ սով (ծոմ) պահելը ներքին հոգեւոր մաքրման արարողություն է, ինչը մեզ չէր խանգարի»:
Գեւորգ Բաբայանին տանջում են մութ կասկածները. «Ինչ-որ բան համատարած անելը գրեթե անհնար ա: Համատարած մենակ դեբիլանում ենք»:
Լուսի Քոչարյանն առանձին ստատուսով փրկության իր տարբերակն է առաջարկում՝ ելք Արցախից. «Նախապատրաստվել Արցախի բնակչության Հայաստան տեղափոխելուն ու բնակտարածքով-աշխատանքով ապահովելուն, որովհետեւ ամենահավանական ելքն է, եթե ավելի վատ բան չլինի` 2-րդ, ավելի ծանր պատերազմ»:
Այնպես չէ, որ այս առաջարկը լայն աջակցության է արժանանում: Գրիգոր Գրիգորյանը պատասխան առաջարկ ունի. «Նախապատրաստել նման փոստ անողներից մաքրել Հայաստանը` 3 սերունդ Հայաստան չթողելու պայմանով»:
Օգտատեր Արսեն Օհանյանը «Լուսնյակի» առաջարկը համարում է մոլորեցնող. «Էդ առանց պայքարի հանձնվելու, տկարության ու իրավունքներից հրաժարվելու դրսեւորումներից մեկն ա, որը նիկոլենք որդեգրել են ու արդյունքները տեսնում ենք»: