Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ Հայաստանը Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմում է ներկայացրել:
Ըստ Արցախի դատախազության՝ օգոստոսի 1-ին` ժամը 17-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանին, որը Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից ոտքով, փորձելով շրջանցել Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների ապօրինի տեղադրած հսկիչ-անձնագրային կետը՝ ՀՀ գնալու ճանապարհին, բռնության գործադրմամբ գաղտնի առեւանգել են Ադրբեջանի զինծառայողները։ Օգոստոսի 2-ին հարուցվել է քրեական գործ՝ Արցախի քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածով (Մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները) նախատեսված հանցագործության հատկանիշներով: